Թբիլիսիի Ռուսթավելի պողոտայում գտնվող խորհրդարանի շենքի մոտ բողոքի ցույցը շարունակվում է: Տեղում աշխատում է «Ալիք Մեդիա Վրաստան»-ի նկարահանող խումբը:
Քաղաքացիները երկրորդ օրն է բողոքում են ԵՄ-ի հետ անդամակցության բանակցությունները դադարեցնելու իշխող «Վրացական երազանք»-ի որոշման դեմ։
Խորհրդարանի շենքի ետնամուտքում հատուկջոկատայիններ և ջրցան մեքենաներ են մոբիլիզացվել: Խորհրդարանի կողային մուտքի մոտ՝ Ապրիլի 9-ի փողոցում, բացի հատուկ ջոկատայիններից, մի քանի շարքով տեղակայված է քրեական ոստիկանությունը, ներկա է նաև պարեկային ոստիկանությունը։
Վարչապետ Իրակլի Կոբախիձեն նոյեմբերի 28-ի երեկոյան հայտնեց եվրաինտեգրման գործընթացը մինչև 2028 թավականը կասեցնելու որոշման մասին։ Նրա հայտարարությունից անմիջապես հետո հազարավոր քաղաքացիներ ինքնաբուխ հավաքվել են ինչպես Թբիլիսիում՝ խորհրդարանի շենքի մոտ, այնպես էլ Վրաստանի տարբեր քաղաքներում՝ Բաթումիում, Զուգդիդիում, Քութայիսիում, Գորիում։
Թբիլիսիում ոստիկանությունը կեսգիշերից հետո սկսել է բռնի կերպով ցրել ցույցը: Ոստիկանությունը ցուցարարների դեմ կիրառել է ջրցան մեքենաներ, պղպեղի սփրեյ և արցունքաբեր գազ։ Հանրահավաքի մասնակիցներից 43-ը բերման է ենթարկվել, 22 լրագրող ֆիզիկական բռնության զոհ է դարձել։
Նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի խոսքով՝ այսօր ոչ լեգիտիմ իշխանությունը պատերազմ է հայտարարել սեփական ժողովրդին։ Ընդդիմության գնահատմամբ՝ կառավարությունը պաշտոնապես փոխել է երկրի արևմտյան ուղին։ ՀԿ-ները քաղաքացիներին կոչ են անում չհամաձայնել «Վրացական երազանք»-ի որոշման։