Վրաստանի խորհրդարանում «գործակալների օրենքի» վրա նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի դրած վետոյի վերանայմանը զուգահեռ՝ խորհրդարանի հետնամասում ժամը 11:00-ից քաղաքացիները բողոքի ցույց են անցկացնում:
Բողոքի ցույցի կազմակերպիչը «Դափիոնի» երիտասարդական շարժումն է: Ցույցի մասնակիցները եղանակային պայմաններին պատրաստված են եկել խորհրդարանի մոտ: Քաղաքացիները վստահեցնում են, որ ցանկացած պարագայում շարունակելու են պայքարը:
Ի դեպ, ժամը 17:00-ին նախատեսվում է հերթական հանրահավաքը խորհրդարանի դիմաց։
Ներքին գործերի նախարարությանը պատկանող ավտոբուսներն ու այլ տրանսպորտային միջոցներ արդեն կազմուպատրաստ օրենսդիր մարմնի տարածքում են։ Այնտեղ են նաև դիմակավորված իրավապահները։
Ոստիկանական ուժեր են մոբիլիզացված նաև Չիտաձեի փողոցում՝ խորհրդարանի կողային մուտքի մոտ, որտեղից պատգամավորներն են ելումուտ անում։
Խորհրդարանը, որտեղ մեծամասնություն է կազմում «Վրացական երազանքը», նախատեսում է երեքշաբթի՝ մայիսի 28-ին նախատեսված լիագումար նիստում, հաղթահարել վետոն։