Վրաստանի խորհրդարանի բյուրոյի նիստում քննարկվեց և պաշտոնապես գրանցվեց «գործակալների մասին» օրենքի նախագիծը: Քննարկումն ընթացավ իշխող «Վրացական երազանք» կուսակցության և ընդդիմության միջև աղմուկի ու հակասությունների պայմաններում։
Քննարկմանը զուգահեռ, խորհրդարանի ներսում և դրսում բողոքի ակցիա է ընթանում: Այսօր լրագրողներից ոմանց պարզապես թույլ չեն տվել խորհրդարան մտնել։ Քաղաքացիները բողոքում են իշխող կուսակցության կողմից մեկ տարի առաջ տված խոստումը, թե` «ռուսական օրենքը» կրկին օրակարգ չի բերվի, դրժելու դեմ։
Բյուրոյի նիստում ընդդիմությունը պնդեց, որ «ռուսական օրենքի նախագծի» գրանցումը Վրաստանի խորհրդարանում` դավաճանություն է Վրաստանի շահերի դեմ։ Ըստ նրանց, եթե անգամ բյուրոն գրանցի այդ օրենքը, ապա դա դավաճանություն կլինի Վրաստանի սահմանադրությանը և եվրոպական ապագային:
Իշխող ուժը շարունակաբար պնդեց, թե օրենքի նախագիծը չի հակասում եվրոպական ստանդարտներին և չի վնասի Վրաստանի եվրոպական ուղուն:
Ընդգծենք՝ Վրաստանի միջազգային գործընկերները դատապարտում են օրինագծի ընդունումը:
«Ռուսական օրենքը» Վրաստանի խորհրդարանի բյուրոյի նիստում գրանցվում է երկրորդ անգամ. առաջին անգամ գրանցվել էր 2023-ին:
Ի դեպ, ապրիլի 9-ի ժամը 18:00-ին Հանրապետության հրապարակից (Ռեսպուբլիկիս մոեդանի) խորհրդարանի ուղղությամբ կանցկացվի ազատության երթ ընդդեմ «ռուսական օրենքի»։
Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունն ապրիլի 3-ին հայտարարեց, որ մտադիր է ընդունել «գործակալների մասին» օրենքը, որը հայտնի է նաև «ռուսական օրենք» անվամբ: «Վրացական երազանք» կուսակցությունը Վրաստանի խորհրդարանում արդեն գրանցել է «նոր նախաձեռնություն», որը կոչվում է «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագիծ։ Դեռ հայտնի չէ, թե երբ կսկսվեն հանձնաժողովի քննարկումները։ «Վրացական երազանք»-ի հետ առնչություն ունեցող էջերում հրապարակված գրառումները, որոնցում «գործակալների օրենքը» ներկայացվում էր դրական լույսի ներքո և կառավարության փաստարկները, թե «ինչու օրենքը ռուսական չէ», Facebook-ում նշվում է որպես կեղծ տեղեկատվություն։
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն աջակցում է իր քաղաքական թիմի նախաձեռնությունը, չնայած այն բանին, որ նրանք 2023-ին հայտարարել էին, որ այս օրինագիծն այլևս չի քննարկվի:
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին «գործակալների օրենքը» անվանել է «ռուսական օրենք»՝ ի հեճուկս իշխող թիմի պնդումների, և մեղադրել է «Վրացական երազանքի» կառավարությանը ռուսական ուղղությանը հետևելու համար։
Ընդդիմությունը, երկրի քաղհասարակությունն արդեն մոբիլիզացիա են հայտարարել ընդդեմ օրինագծի շրջանառության։ Վրաստանի խորհրդարանի ընդդիմադիր պատգամավորները՝ որպես իշխող «Վրացական երազանք» կուսակցության կողմից կրկին խորհրդարան ներկայացրած «ռուսական օրենքի» հակակշիռ, գրանցել են «Օկուպանտ պետության՝ Ռուսաստանի Դաշնության ազդեցությունից պաշտպանվելու մասին» օրենքի նախագիծը։
Վրաստանի մյուս միջազգային գործընկերները՝ ԵՄ-ն, ՆԱՏՕ-ն և մյուսներն արձագանքել են իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախաձեռնությամբ օրակարգ վերադարձրած «գործակալների մասին» օրինագծին:
Իշխանությունը, «ռուսական օրենքը» օրակարգ վերադարձնելով, հավանաբար, փորձում է ընտրություններից առաջ հնարավորինս լարել իրավիճակը երկրում` խառնաշփոթից օգուտ քաղելու նպատակով. սրանով իսկ սաբոտաժի է ենթարկում Վրաստանի եվրոպական ուղին, կարծում են վրացի փորձագետները:
Նախընտրական բևեռացում ու եվրոպական ուղու սաբոտաժ. «ռուսական օրենքի» հետևանքերը