Վրաստանի խորհրդարանում բյուրոյի նիստն ընթանում է բողոքի ցույցի ուղեկցությամբ և ուժեղացված անվտանգության պայմաններում։ Բյուրոյի նիստում այսօր՝ մարտի 7-ին, պետք է հաստատեն նստաշրջանում ռուսական օրինագծերի քննարկման օրակարգը։
Անվտանգության հատուկ ծառայության աշխատակիցները խուզարկել են բյուրոյի սենյակի շրջակայքը։ Բյուրոյի անդամ չհանդիսացող պատգամավորներին և լրագրողներին արգելվել է մոտենալ բյուրոյի սենյակին։
Խորհրդարանից դուրս՝ մուտքի մոտ, հարյուրավոր քաղաքացիներ են հավաքված։ Նրանք խորհրդարանին կոչ են անում չընդունել ռուսական օրենքը և թույլ չտալ, որ երկիրը կորցնի իր եվրոպական հեռանկարը, ինչի մասին արևմտյան գործընկերները բացահայտ զգուշացնում են իշխող «Վրացական երազանքի» կառավարությանը։
Ի դեպ, «Վրացական երազանք» իշխող կուսակցության գործադիր քարտուղար Մամուկա Մդինարաձեի խոսքով՝ «գործակալների մասին» օրինագծերը խորհրդարանի լիագումար նիստում կքննարկվեն մարտի 9-ին։
Նշենք, որ Վրաստանի խորհրդարանի իրավական հարցերի հանձնաժողովը մարտի 6-ին, առաջին ընթերցմամբ պաշտպանել է «օտարերկրյա գործակալների« մասին օրինագծերը։
Արտաքին հարաբերությունների հանձնաժողովից հետո իրավական հարցերի հանձնաժողովը երկրորդ և առաջատար հանձնաժողովն է, որն աջակցում է օրինագծերին։
«Օտարերկրյա գործակալների» փաթեթը երկու օրինագիծ է ներառում՝ «Օտարերկրյա ազդեցության մասին» և «Օտարերկրյա գործակալների գրանցման մասին»:
Աղմկահարույց այս երկու օրինագծերն էլ խորհրդարան է բերել «Վրացական երազանք» կուսակցության շարքերը լքած և հակաարևմտյան շարժում ձևավորած «Ժողովրդի ուժը» շարժումը։
Փաթեթը ենթադրում է «օտարերկրյա գործակալներ» կոչել բոլոր այն ոչ բիզնես իրավաբանական անձանց ու լրատվամիջոցներին, որոնց եկամուտների ավելի քան 20 տոկոսը ֆինանսավորում են օտար ուժերը։ Հեղինակներն այն համարում են «ամերիկյան», ընդդիմախոսները՝ «ռուսական»։
Ընդգծենք՝ փաթեթը քննադատել են Վրաստանում ԱՄՆ դեսպանությունը, ԵՄ-ն և ՄԱԿ-ի ներկայացուցչությունները, ՆԱՏՕ-ն, միջազգային այլ կառույցներ և եվրախորհրդարանականներ: