Վրաստանի խորհրդարանը «գործակալների մասին օրենքը» երկրորդ ընթերցմամբ կքննարկի այսօր։ Այս տեղեկությունը հայտնեցին խորհրդարանի բյուրոյի այսօրվա նիստից հետո։
Խորհրդարանի իրավական հանձնաժողովն ապրիլի 29-ին երկրորդ ընթերցմամբ պաշտպանել է օրինագիծը։
Հանձնաժողովի նախագահ Անրի Օխանաշվիլին նիստից հեռացրել է 14 ընդդիմադիր պատգամավորի և հասարակական կազմակերպությունների երեք ներկայացուցչի, որոնք քննադատական արտահայտություններ են արել օրինագծի վերաբերյալ։ Օխանաշվիլին հակառակորդներին մեղադրել է կանոնները խախտելու մեջ:
Խորհրդարանական մեծամասնության առաջնորդ Մամուկա Մդինարաձեի խոսքով՝ օրինագծի երկրորդ ընթերցմամբ քննարկումը կարող է տևել երկու-երեք օր։
Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի հրամանով, այսօր՝ ապրիլի 30-ին, խորհրդարանի պալատում կիրականացվի անվտանգության դեղին մակարդակ, ինչը նշանակում է, որ շենք մտնել և աշխատել կարող են միայն հեռուստաընկերությունների հավատարմագրված լրագրողները (2-2 խումբ), իսկ մյուս լրատվամիջոցների ներկայացուցիչներն օրենսդիր մարմնում աշխատելու հնարավորություն չեն ունենա։
Վրաստանի խորհրդարանի մեծամասնությունը ապրիլի 17-ին առաջին ընթերցմամբ ընդունել է «գործակալների օրենքը» («Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին օրինագիծը»):