Ապրիլի 6-ին Վրաստանի խորհրդարանը կասեցրել է քննադատական 3 լրագրողների և լրատվամիջոցների 2 օպերատորների հավատարմագրումը։
Նրանցից 4-ի դեպքում պատճառն այն է, որ օրենսդիր մարմնի նախասրահում պատգամավորներին հարցեր են ուղղել ԱՄՆ-ի կողմից պատժամիջոցների ենթարկված դատավորների մասին։ Ինչ վերաբերում է «Ֆորմուլա» հեռուստաընկերության լրագրող Սոփիո Գոզալաշվիլիին, նա պատգամավորներին հարցրել է իշխանամետ համարվող POSTV հեռուստաընկերության հիմնադիր Շալվա Ռամիշվիլիի մասին։
Կասեցվել են TV Pirveli-ի լրագրող Ռուսուդան Դումբաձեի, նույն ալիքի օպերատոր Իրակլի Մուրմանիշվիլիի, «Մթավարի արիխի»-ի լրագրող Թաթիա Ծոծոնավայի, նույն ալիքի օպերատոր Զուկա Չխվիրկիայի և «Ֆորմուլա»-ի լրագրող Սոփիո Գոզալաշվիլիի հավատարմագրումը։
Խորհրդարանից ստացած նամակում ասվում է, որ հիշյալ լրատվամիջոցների ներկայացուցիչները խախտել են խորհրդարանի նախագահի հրամանի 15-րդ հոդվածի 2-րդ կետը, որը պարտավորեցնում է լրագրողին չձայնագրել հարցազրույցը պատգամավորի, գրասենյակի աշխատակցի կամ հրավիրված անձի հետ, եթե պատասխանողը հրաժարվում է ձայնագրումից։
Ի դեպ, Վրաստանի լրագրողական էթիկայի խարտիան բացասաբար է գնահատել խորհրդարանի կողմից լրագրողների հավատարմագրման կասեցումը։
Վրաստանի լրագրողական էթիկայի խարտիայի համաձայն՝ այն ֆոնին, երբ ԶԼՄ-ների համար գործնականում անհնար է ստանալ հանրային տեղեկատվություն, իսկ իշխող կուսակցության ներկայացուցիչները ընտրովի հարցազրույցներ են տալիս լրատվամիջոցներին, նմանատիպ կարգավորումները մի շարք լրատվամիջոցների համար անհնարին են դարձնում տեղեկատվություն ստանալ և տրամադրել հանրությանը: