Վրաստանի խորհրդարանը հաստատել է 2022 թվականի պետական բյուջեն։ Հիմնական ֆինանսական փաստաթուղթն ընդունվել է դեկտեմբերի 17-ի քվեարկությամբ՝ 78 կողմ ձայնով։ Դեմ է քվեարկել միայն 1 պատգամավոր:
Սահմանվել է, որ 2022 թվականի պետական բյուջեն կկազմի 19,17 մլրդ լարի, ինչը բյուջեի նախագծի նախորդ տարբերակի համեմատ ավելացել է 332 մլն լարիով։
2022 թվականի պետական բյուջեի եկամուտների ընդհանուր ծավալն աճել է 336,2 մլն լարիով և սահմանվել` 19,3 մլրդ լարի։
ՀՆԱ-ի մասով 2022 թվականին հարկային եկամուտները կկազմեն 24,0%, մինչդեռ միջնաժամկետում այն պահպանվում է 23,8%-ի մակարդակում։
Ինչ վերաբերում է պետական գերատեսչությունների ֆինանսավորման ծավալին, ապա.
- 10 մլն լարիով ավելացվել են օկուպացված տարածքներից տեղահանվածների, աշխատանքի, առողջապահության և սոցիալական հարցերի նախարարության հատկացումները։
- Կրթության և գիտության նախարարության ֆինանսավորումն ավելացվել է 25 մլն լարիով։ Ընդհանուր ֆինանսավորումը կազմում է մոտ 1,7 մլրդ լարի։
- Մշակույթի, սպորտի և երիտասարդության նախարարության ֆինանսավորումն ավելացվել է մեկ մլն լարիով։ Նախարարության ընդհանուր ֆինանսավորումը կազմում է 357,8 մլն լարի։
- Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարության ֆինանսավորումն ավելացվել է 155 մլն լարիով։ Ընդհանուր ֆինանսավորումը կազմում է 932,4 մլն լարի։
- Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության հատկացումները կավելանան 5 մլն լարիով։ Նախարարության ընդհանուր ֆինանսավորումը կկազմի 2,8 մլրդ լարի։
- Արդարադատության նախարարության ֆինանսավորումն ավելացել է 15 մլն լարիով և ընդհանուր ֆինանսավորումը կկազմի 310,6 մլն լարի:
- Պաշտպանության նախարարության հատկացումներն ավելացել են 40 մլն լարիով։ Նախարարության ընդհանուր ֆինանսավորումը կազմում է մեկ մլրդ լարի։
- Գերագույն դատարանի հատկացումն ավելացել է 400,0 հազար լարիով (ընդհանուր ֆինանսավորումը կազմում է 14,4 մլն լարի)՝ աշխատանքի վարձատրությունն ամբողջությամբ ֆինանսավորելու համար։
- Դատախազության հատկացումն ավելացվել է 2,6 մլն լարիով և ընդհանուր ֆինանսավորումը կազմում է 47,9 մլն լարի։
- Պետական պահպանության հատուկ ծառայության հատկացումն ավելացվել է 1,9 մլն լարիով և ընդհանուր ֆինանսավորումը կազմում է 67,2 մլն լարի։
- Կառավարության վարչակազմի հատկացումն ավելացել է 2.0 մլն լարիով և ընդհանուր ֆինանսավորումը կազմում է 19.2 մլն լարի։
Նորայր Միսկարյան, «Ալիք մեդիայի» ստաժոր