Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը հաղթահարեց «օֆշորների օրենքի» վրա նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի դրած վետոն: Վետոյի հաղթահարմանը կողմ է քվեարկել 83 պատգամավոր:
Ի դեպ, ապրիլի 19-ին 73 ձայնով օրենքն ընդունվել էր երրորդ ընթերցմամբ, իսկ մայիսի 3-ին նախագահը վետո էր դրել օրենքի վրա և դիտողություններ ուղարկել խորհրդարան, որոնք մայիսի 20-ին ֆինանսաբյուջետային հանձնաժողովում տապալվել են։
Նախագահի կողմից խորհրդարան ուղարկված մոտիվացիոն նկատառումներում մատնանշել էր, որ օրենսդրական փոփոխությունները, որոնք պարունակում են լուրջ քաղաքական և տնտեսական ռիսկեր, չեն կարող ընդունվել արագացված կարգով՝ առանց քննարկման համար բավարար ժամանակ տալու և առանց հասարակության ներգրավվածության երաշխիքի։
Ուշագրավ է ,որ ապրիլի 19-ին իշխող «Վրացական երազանքը» տնտեսական օգուտներ ստանալու շարժառիթով արագացված կարգով փոփոխություն է կատարել «Հարկային օրենսգրքում», որով հարկային արտոնությունները կտարածվեն օֆշորային գոտիներից բիզնեսը Վրաստան տեղափոխելու վրա։
Իշխող թիմի այդ որոշմանն ընդդիմացողները կարծում են, որ օրենքը համապատասխանում է «Վրացական երազանքի» պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլիի շահերին և կապված է պատժամիջոցների հնարավոր ավելացման հետ։
Ուշագրավ է, որ, ըստ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ-Վրաստան»-ի 2021 թվականին պատրաստած ուսումնասիրության, «Վրացական երազանք»-ի հիմնադիր Իվանիշվիլին 20 օֆշորային ընկերությունների սեփականատեր է: Ընդդիմությունը և որոշ վերլուծաբաններ նույնպես մտավախություն ունեն, որ «փողերի լվացման» ռիսկը մեծանում է օֆշորային ընկերություններում չգործող հարկերի պարագայում։