Վրաստանի խորհրդարանը 84 ձայնով հաղթահարեց «գործակալների օրենքի» վրա նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի դրած վետոն։ Գործընթացը տեղի ունեցավ բողոքի ակցիայի ֆոնին։
Օրենքն ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ է, որ 5-օրյա ժամկետում ստորագրի Զուրաբիշվիլին։ Հակառակ դեպքում օրինագիծը ստորագրում և հրապարակում է խորհրդարանի նախագահը։
«Գործակալների մասին օրենքը» օտարերկրյա տերության շահերը կրող կազմակերպություններ է հռչակում հասարակական և լրատվական կազմակերպությունները, որոնց եկամտի 20 տոկոսից ավելին արտերկրից է։ Նրանք պետք է գրանցվեն հատուկ ռեեստրում և ամեն տարի լրացնեն ֆինանսական հայտարարագիր։ Հակառակ դեպքում առաջին անգամ կտուգանվեն 25 հազար լարի։
Օրենքի հրապարակումից հետո Արդարադատության նախարարությունը և Հանրային ռեգիստրի ազգային գործակալությունը 60 օր կունենան «օտար տերության շահերը կրող կազմակերպությունների» ռեեստր ստեղծելու համար։ Երբ այս փուլն ավարտվի, «օտարերկրյա գործակալների» ռեեստրում գրանցումը կդառնա պարտադիր։