82 կողմ, 2 դեմ ձայներով Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունեց «Ապաօլիգարխացման մասին» օրենքի նախագիծը, որի քննարկմանը նախորդել էր Եվրախորհրդի Վենետիկի հանձնաժողովի եզրակացությունն այս օրենքի նախագծի վերաբերյալ։
Վենետիկի հանձնաժողովի եզրակացության համաձայն՝ Վրաստանի իշխանություններին խորհուրդ է տրվում հրաժարվել Ապաօլիգարխացման օրենքի նախագծի վերանայված տարբերակից և իրականացնել երկրում օլիգարխիկ ազդեցության դեմ պայքարի գործող համակարգային միջոցառումները։
Ի դեպ, ապաօլիգարխացումը Վրաստանին ԵՄ թեկնածուի կարգավիճակ տալու 12 առաջարկներից մեկն է։ Վրացական իշխանություններն ասում են, որ ընդունելով օրենքը՝ կկատարեն ապաօլիգարխացման պահանջը:
Հիշեցնենք՝ Վենետիկի հանձնաժողովը նշել է, որ նախընտրում է համակարգված մոտեցում, մինչդեռ Վրաստանի ներկայացրած օրենքի նախագիծը հենվում է «անձնական» մոտեցման վրա։
Վենետիկի հանձնաժողովը կտրականապես չի մերժում «անձնական մոտեցման» բոլոր տարրերը, սակայն նշում է, որ նման մոտեցումը պահանջում է ուժեղ ընթացակարգային երաշխիքներ՝ կանխելու համար մարդու իրավունքների և օրենքի գերակայության խախտումները։