Վրաստանի խորհրդարանական պատվիրակությունն արդեն Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում է։
Պատվիրակությունը գլխավորում է խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին։ Վրաստանի հանրային հեռարձակողի հաղորդմամբ՝ պատվիրակության առաջին հանդիպումը կանցկացվի Ուկրաինայի Ռադայում։
Պապուաշվիլին կհանդիպի Ռադայի իր գործընկեր նախագահ Ռուսլան Ստեֆանչուկի հետ։ Հանդիպումից հետո կարվեն համատեղ հայտարարություններ: Հայտնի է նաև, որ խորհրդարանական պատվիրակության անդամները կայցելեն Բուչա և Իրպեն քաղաքներ։
Նշենք, որ պատվիրակությունը երեկ է մեկնել Ուկրաինա։ Պատվիրակության կազմում են Վրաստանի խորհրդարանի փոխխոսնակներ Դավիթ Սերգեենկոն, Արչիլ Թալակվաձեն և Լևան Իոսելիանին, Վրաստանի խորհրդարանի սփյուռքի և Կովկասի հարցերով հանձնաժողովի նախագահ Բեքա Օդիշարիան, ընդդիմադիր «Լելոյի» պատգամավոր Անա Նացվլիշվիլին, «Գիրչիի» անդամ Վախթանգ Մեգրելիշվիլին, «Հանրապետական» կուսակցության ներկայացուցիչ Խաթունա Սամնիձեն և «Վրաստանի համար» կուսակցության անդամ Գիորգի Խոջևանիշվիլին։
Ընդգծենք նաև, որ երեկ առանձին պատվիրակությամբ Կիև են մեկնել նաև ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժման» ներկայացուցիչները, նրանց հետ է նաև նախկին նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին։
«Եկեք ցույց տանք ուկրաինացի ժողովրդին, որ նախագահները կանգնած են ուկրաինացի ժողովրդի կողքին»,- ասել է Ուկրաինայում գտնվող նախկին նախագահ Մարգվելաշվիլին։
Կարդացեք նաև՝
Լուսանկարը` Խաթունա Սամնիձեի ֆեյսբուքյան էջից