Խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ ԵԱՀԿ-ի վերջնական եզրակացությունը

Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակը (ԺՀՄԻԳ) հրապարակել է 2024 թվականի հոկտեմբերի 26-ին Վրաստանում կայացած խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ վերջնական զեկույցը:

Դեկտեմբերի 20-ին հրապարակված զեկույցում ԵԱՀԿ-ն հայտնել է, որ վերահաստատում է իր նախկին բացահայտումներն ու եզրակացությունները։

«Ընտրություններն անցել են հիմնարար ազատությունների և քաղաքացիական հասարակության իրավունքների վրա նոր ընդունված օրենսդրության ազդեցության, ընտրական գործընթացում ներգրավված ինստիտուտների անկախությունը թուլացնելու փորձերով և ընտրողների վրա ճնշումներով, որոնք ընտրությունների օրվա ընթացքում սահմանափակել են որոշ ընտրողների առանց վախի քվեարկելու հնարավորությունը», — գրում է ԵԱՀԿ-ն։

ԺՀՄԻԳ-ի գնահատմամբ՝ հետընտրական իրադարձություններին և հայցերին անբավարար անդրադարձ է կատարվել, ինչը սահմանափակում է իրավական մեխանիզմները։ Նաև բողոքի ցույցերի բռնի ցրումը և զանգվածային ձերբակալությունները լուրջ մտահոգություններ են առաջացնում խաղաղ հավաքների ազատության պաշտպանության միջազգային պարտավորությունների կատարման վերաբերյալ:

«Մեր զեկույցում նկարագրված շատ հարցեր բացասաբար են ազդել ընտրությունների ամբողջականության և գործընթացի նկատմամբ հասարակության վստահության վրա: Կարևոր է, որ Վրաստանի իշխանությունները օպերատիվ արձագանքեն բարձրացված բոլոր խնդիրներին և պաշտպանեն ժողովրդավարական սկզբունքները», — ասել է ԺՀՄԻԳ-ի առաքելության ղեկավար Օուեն Մերֆին:

ԺՀՄԻԳ-ը նաև նշել է, որ թեև ընտրական օրենքն իրավական հիմք է տալիս ժողովրդավարական ընտրությունների համար, «վերջին փոփոխությունները, որոնք հաճախ օգտագործվում են քաղաքական նպատակներով, բացասաբար են ազդել գործընթացի վրա»: Զեկույցում ընդգծվում է, որ «հայցերը և՛ քվեարկության օրվանից առաջ, և՛ դրանից հետո հաճախ պատշաճ կերպով չեն ուսումնասիրվել և չեն քննարկվել տեխնիկական հիմքերով, ինչը խախտում է պատշաճ դատավարության իրավունքը։

Ըստ զեկույցի՝ ընտրությունների օրը բազմաթիվ են եղել քվեարկության գաղտնիության խախտման դեպքերը, ընթացակարգային խախտումները, ճնշումների ու սպառնալիքների մասին հաղորդումները, այդ թվում՝ գործընթացի տեսագրման միջոցով, ինչը բացասաբար է ազդել հանրային վստահության վրա։

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը իշխանություններին խորհուրդ է տալիս ապահովել բողոքների արդյունավետ լուծումը, բարելավել ընտրական գործընթացի թափանցիկությունը և ամրապնդել հասարակության վստահությունը գործընթացի նկատմամբ: Զեկույցում նշված է նաև, որ խախտելով միջազգային պարտավորությունները՝ ցույցերը բռնությամբ են ցրվել, լրագրողներ են ձերբակալվել, խոշտանգումների և անմարդկային վերաբերմունքի մասին մեղադրանքներ են գրանցվել։

ԺՀՄԻԳ-ն ընդգծում է, որ իր մանդատի համաձայն` չի ճանաչում կամ հաստատում ընտրությունները, այլ տալիս է ընտրական գործընթացի մանրակրկիտ և անաչառ գնահատական՝ հիմնված համընդհանուր սկզբունքների և միջազգային պարտավորությունների վրա։

«Կազմակերպությունը պատրաստ է օգնել ընտրական գործընթացում ներգրավված կողմերին հետագա երկխոսության և խնդիրների լուծմանն ուղղված կոնկրետ գործողություններում», — գրել է ԵԱՀԿ-ն։

Զեկույցը ներառում է մի շարք առաջարկություններ՝ ինչպես օրենսդրական, այնպես էլ գործնական փոփոխություններ՝ ավելացնելու համար հանրային վստահությունը, ընտրողներին հնարավորություն տալ քվեարկելու առանց վախի և բարելավելու Վրաստանում ընտրական գործընթացի թափանցիկությունն ու ամբողջականությունը: