«Արևելյան գործընկերության» համաժողովին զուգահեռ Բաթումիում խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչները հանդիպել են Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկին: Հանդիպումից առաջ «Միացյալ ազգային շարժում» կուսակցության առաջնորդներից Գրիգոլ Վաշաձեն հայտարարել է, որ Տուսկի հետ խոսելու են ռուս-վրացական հարաբերությունների, հունիսի 20 լույս 21-ի գիշերը Թբիլիսիում տեղի ունեցած իրադարձությունների և Բրյուսելում Վրաստանի դերի մասին:
«Մեզ հետաքրքրում է, թե ինչ ուղղությամբ է շարժվելու Եվրամիությունը ընտրություններից հետո: Փոխվել են բոլոր բարձրաստիճան պաշտոնյաները: Երկրորդը, թե ինչպես է Վրաստանը շարունակելու ԵՄ-ի հետ համագործակցությունը: Ցավոք, քիչ ժամանակ ունենք»,- հավելել է Վաշաձեն: