
Վրաստանի խորհրդարանը չկարողացավ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին պաշտոնանկ անել իմպիչմենտի միջոցով:
Իմպիչմենտին աջակցել է 86 պատգամավոր, մեկ պատգամավոր դեմ է քվեարկել: Նախագահը կհամարվեր պաշտոնանկ արված, եթե այս որոշմանն աջակցեր խորհրդարանի ամբողջական կազմի առնվազն երկու երրորդը, այսինքն՝ 100 պատգամավոր: «Վրացական երազանքը» և նրա աջակիցներն ներկայում ունեն 89 մանդատ։
Ամենամեծ ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» խմբակցությունը հայտարարել է իմպիչմենտի նիստը բոյկոտելու մասին։
«Վրացական երազանք»-ը Սահմանադրության խախտման հիմքով նախագահի իմպիչմենտի ընթացակարգ է նախաձեռնել այն բանից հետո, երբ Զուրաբիշվիլին առանց կառավարության թույլտվության այցելել է եվրոպական մայրաքաղաքներ։
Հարցն ուղարկվել է Սահմանադրական դատարան, որը հաստատել է նախագահի կողմից Սահմանադրության խախտումը։