«Ուժեղ բևեռացում, փոխադարձ մեղադրանքներ և ավելի քիչ շեշտադրում սեփական նախընտրական ծրագրի վրա», այսպես է գնահատել «Վրաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա»-ն (GYLA) պաշտոնական նախընտրական քարոզարշավին նախորդող ժամանակահատվածը։
GYLA-ն սեպտեմբերի 26-ին հրապարակել է երկարաժամկետ դիտորդական առաքելության 2-րդ միջանկյալ զեկույցը։ Դիտարկման ժամանակահատվածը ներառում է նախընտրական շրջանի մեկնարկից 2 ամիս ժամկետը՝ հուլիսի 1-ից օգոստոսի 26-ը։
«Իշխող կուսակցության ներկայացուցիչները հրապարակային ելույթներում ու հայտարարություններում փորձում էին սատանայացնել քաղաքական հակառակորդներին և մեղադրում էին դավաճանական գործողությունների մեջ։ Ընդդիմության մեծամասնությանը անվանեցին «դրսից կառավարվողներ (գործակալներ)» և «չար ուժեր»։ «Վրացական երազանք»-ի կողմից դեռ արդիական էին հակաարևմտյան հռետորաբանությունը, պատերազմի ու խաղաղության հարցերը, հակաԼԳԲՏ ուղերձները, նախորդ իշխանության պատժի հռետորաբանությունը»,- ասված է փաստաթղթում։
Բացի այդ, ըստ GYLA-ի՝ իշխող թիմի կողմից շարունակվել է հասարակական կազմակերպություններին վարկաբեկելու և խարանելու քարոզարշավը։ Նշվում է, որ ընդդիմադիր կուսակցությունների մեծ մասի հիմնական փաստարկը իշխող կուսակցության հակաեվրոպական գործողություններն ու հռետորաբանությունն էր։
GYLA-ն նշել է՝ 2024 թվականի խորհրդարանական ընտրություններից առաջ ընկած ժամանակահատվածը դեռևս ուղեկցվում էր իշխող կուսակցության և Վրաստանի նախագահի առճակատմամբ: Ավելին՝ զեկույցում: