Խորապես մտահոգված ենք Վրաստանում առկա իրավիճակով. ԵՄ նախարարներ

Մենք դատապարտում ենք ազատ և արդար ընտրությունների միջազգային նորմերի բոլոր խախտումները` անդրադառնալով վրաստանյան խորհրդարանական  ընտրությունների արդյունքներին, հայտարարել են ԵՄ անդամ 13 երկրների եվրոպական հարցերով նախարարները:

Համատեղ հայտարարությամբ նրանք միացել են Վրաստանի արևմտյան գործընկերների կոչին, ըստ որի` պետք է հետաքննություն անցկացնել, նաև քննադատել են Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի այցը Վրաստան։

ԵՄ անդամ 13 երկրների եվրոպական հարցերով նախարարները նշել են, որ խորապես մտահոգված են Վրաստանում առկա իրավիճակով:

«Միջազգային դիտորդները խախտումներ են արձանագրել ընտրարշավի ընթացքում և ընտրությունների օրը: Մենք դատապարտում ենք ազատ և արդար ընտրությունների միջազգային նորմերի բոլոր խախտումները: Մենք համամիտ ենք նրանց մտահոգություններին և պահանջում ենք անկախ հետաքննություն: Բողոքների և հաստատված խախտումների շտկման այս դժվարին պահին մենք կանգնած ենք վրացիների կողքին»,- ասված է հայտարարության մեջ:

Նախարարների ընդգծմամբ՝ անհրաժեշտ է, որ բողոքի ակցիան և դրան կառավարության արձագանքը խաղաղ լինեն. ընտրական գործընթացի ամբողջականության խախտումն անհամատեղելի է ԵՄ անդամակցության թեկնածուից սպասվող չափանիշներին։

«Սա դավաճանություն է վրաց ժողովրդի օրինական եվրոպական նկրտումների նկատմամբ։ Օրենքի գերակայության և ազատ ու արդար ընտրությունների պահպանումը ԵՄ-ում Վրաստանի գրանցած ցանկացած առաջընթացի անբաժանելի մասն է: Մենք քննադատում ենք վարչապետ Վիկտոր Օրբանի վաղաժամ այցը Վրաստան։ Նա չի խոսում Եվրամիության անունից»,- շեշտել են ԵՄ անդամ 13 երկրների եվրոպական հարցերով նախարարները:։

Նշենք. վրաստանյան չորս ընդդիմադիր ուժերը՝ «Վրաստանի համար» կուսակցությունը, «Կոալիցիա փոփոխությունների համար» միավորումը, «Միասնություն — Ազգային շարժում» կոալիցիան և «Ուժեղ Վրաստան» կոալիցիան, չեն ընդունել ընտրութունների արդյունքները և հրաժարվել են խորհրդարանական մանդատներից:

Հոկտեմբերի 26-ին կայացած խորհրդարանական ընտրությունների նախնական պաշտոնական արդյունքներով` առաջին տեղում է իշխող «Վրացական երազանք»-ը՝ 53,931 տոկոսից ավելի ձայներով։ 5 տոկոսի շեմը հաղթահարել են չորս ընդդիմադիր քաղաքական միավորումներ. «Կոալիցիա փոփոխությունների համար»՝ 11,035 տոկոս, «Միասնություն-Ազգային շարժում»՝ 10,167 տոկոս, «Ուժեղ Վրաստան»՝ 8,81 տոկոս, «Վրաստանի համար»՝ 7,768 տոկոս:

Ընդդիմադիր կուսակցություններն ու Վրաստանի նախագահը չեն ճանաչել խորհրդարանական ընտրությունների արդյունքները։ Հոկտեմբերի 28-ին Ռուսթավելիի պողոտայում նրանք ցույց են արել: Ընդդիմությունը նոր ընտրություններ է պահանջել, Զուրաբիշվիլին երդվել է մինչև վերջ ժողովրդի կողքին մնալ: Փորձագետներն ասում են՝ ընտրությունների ճակատագիրը որոշվել է ընտրություններից շատ առաջ:

Դիտորդական կազմակերպությունների տվյալներով՝ ընտրությունների օրը և նախընտրական շրջանում նկատվել են քվեաթերթիկների լցոնման դեպքեր, «կարուսել», մատնանշման, քվեարկության գաղտնիության խախտումներ և այլն:

Հոկտեմբերի 26-ի ընտրություններին արձագանքել են միջազգային հանրությունը, արևմտյան գործընկերները (1234), և բոլորը խոսել են ընտրական գործընթացի խախտումների մասին։ Արևմտյան գործընկերների հիմնական կոչն է՝ ուսումնասիրել ընտրախախտումները։

Եվրախորհրդի հանձնաժողովը ԿԸՀ-ին կոչ է արել հետաքննել և քննարկել ընտրական գործընթացի խախտումները։ Անցկացված ընտրությունների վերաբերյալ նախնական գնահատականներ են տվել նաև ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը։ Նրանց գնահատմամբ՝ ընտրությունների օրը եղել են խախտումներ, հաճախ խախտվել է քվեարկության գաղտնիությունը, եղել են նաև ընթացակարգային անհամատեղելիություններ։