Փետրվարի 28-ին Վիրահայոց թեմի առաջնորդարանի և Վրաստանում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ, Թբիլիսիի Հավլաբարի Սուրբ Էջմիածին եկեղեցում, ցեղասպանության զոհերի հիշատակի խաչքարի մոտ, Վիրահայոց թեմի առաջնորդի նախագահությամբ և հոգևոր դասի մասնակցությամբ կատարվեց հայատյացության անմեղ զոհերի հոգու խաղաղության համար հոգեհանգստյան կարգ:
Արարողությանը մասնակցում էին Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանը, դեսպանության ողջ անձնակազմը, Վրաստանի խորհրադարանի պատգամավորներ, մտավորականներ, վիրահայ համայնքի ներկայացուցիչներ։
Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանն իր խոսքում, մասնավորապես անդրադարձավ Սումգայիթյան ոճրագործության միջազգային դատապարտման անհրաժեշտությանը՝ նշելով, որ պատմականորեն ապացուցված փաստ է, որ անպատժելիությունը ծնում է նոր ոճրագործություններ, ինչպես դա եղավ Սումգայիթից հետո Բաքվում, Կիրովաբադում (Գանձակ), Մարաղայում և այլ վայրերում։
Արարողության մասնակիցները Հավլաբարի Սուրբ Էջմիածին եկեղեցում մասնակցեցին անմեղ զոհերի հոգու հանգստության համար մատուցված հոգեհանգստյան կարգին։ Այնուհետև ծաղիկներ խոնարհեցին եկեղեցու բակում գտնվող խաչքարի մոտ։