Օրեր առաջ «Ալիք Մեդիայի» հետ զրույցում «Քաղաքացիական շարժման» առաջնորդ Ալեկո Էլիսաշվիլին հայտնել էր, որ իրենց շարժման կողմից սկսած «բացահայտենք ֆեոդալներին» ծրագրի շրջանակներում նախատեսում է այցելել նաև Նինոծմինդա՝ բացահայտելու շրջանից մեծամասնական կարգով ընտրված պատգամավոր Հենզել Մկոյանի ունեցվածքը:
Տեղական «Փարվանա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում պատգամավորն անդրադարձել է Էլիսաշվիլիի հայտարարությանը՝ նշելով, որ Ալեկո Էլիսաշվիլին այն մարդկանցից էր, ովքեր ամենաշատն էին ուզում որպեսզի համամասնական ընտրակարգին անցնելու մասին օրինագիծը անցներ և 2020 թվականի ընտրություններն անցկացվեին համամասնական կարգով:
«Մենք խնդիր չունենք, երբ ուզում է կարող է գալ և հանդիպել ժողովրդի հետ: Ես գիտեմ, որ մեծամասնական պատգամավորներս դեմ քվեարկելով օրինագծին՝ ճիշտ ենք արել, քանի որ մեր ժողովրդի համար մեծամասնական պատգամավորը պետք է: Ես գիտեմ, որ ես ճիշտ եմ արել դեմ քվեարկելով օրինագծին: Եթե Ալեկո Էլիսաշվիլիին դուր չի եկել, դա իր գործն է, կարող է գալ, հանդիպել, իր խոսքը ասել, ժողովուրդն էլ, երևի, իր խոսքը կասի»,- նշում է Մկոյանը:
Ինչ վերաբերում է ունեցվածքին, այս դեպքում նույնպես Մկոյանը մտավախություն չունի.
«Իմ ընտանքն ավելի քան 40 տարի բիզնեսով է զբաղվում: Սա բոլորը գիտեն: Մենք ամեն ամիս մեծ հարկեր ենք մուծում պետությանը: Կարող է գալ և ստուգել, եթե մենք վերջին 5 տարում ենք ձեռք բերել այս ունեցվածքը, կա դատախազություն, կարող է դիմել դատախազությանը և թող նրանք ստուգեն, և եթե մեղավորներ կհայտնաբերվեն՝ թող պատժվեն»,- ասում է Մկոյանը:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 14-ին համամասնական ընտրակարգին անցնելու նախագծի տապալումից հետո, Վրաստանում մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավորները ուշադրության կենտրոնում հայտնվեցին: Ավելին օրինագծի տապալումը ուղիղ կապվեց նրանց անվան հետ:
Այս իրադարձություններից հետո «Քաղաքացիական շարժման» առաջնորդ Ալեկո Էլիսաշվիլին սկսեց նոր ծրագիր, որի շրջանակներում շարժման անդամները շրջում են Վրաստանի շրջաններով և հանդիպում մարդկանց հետ՝ բացահայտելով շրջաններից ընտրված մեծամասնական պատգամավորների ունեցվածքը:
Ալեկո Էլիսաշվիլին արդեն եղել է Սիղնաղի-Դեդոփլիսծղարոյի, Գորիի, Դմանիսի-Ծալկայի և Գուրիայի մեծամասնական շրջաններ, որտեղ ինչպես «Քաղաքացիական շարժման» անդամներն են նշում բացահայտել են տեղի «ֆեոդալներին»: