Խմելու ջրի սակավությունը` Մեծ Արագյալ գյուղի բնակչության գլխավոր խնդիրն է

Նինոծմինդայի մունիցիպալիտետի Մեծ Արագյալ գյուղում, գետի ափին, ձորում կա փոքր պոմպակայան, որտեղից ջուր է մատակարարվում տեղի բնակիչներին։ Այն վերահսկվում է Միրոյանների ընտանիքի կողմից։

Ամբողջ գյուղին ջուր մատակարարող կինը՝ Արուսյակ Միրոյանը, պատմում է, որ երեկոյան դժվար է ձոր իջնելը: Այս հատվածում լուսավորություն չկա, իսկ ճանապարհը վտանգավոր է, քանի որ այն զառիվայր է և երբևէ չի վերանորոգվել։

«Գոնե լուսավորությունն ապահովեն։ Գիշերը ստիպված ենք պոմպերը անջատել, իսկ մթության մեջ միայն լապտերն է լուսավորում ճանապարհը։ Ձմռանը ձոր իջնելն ավելի է դժվարանում ճանապարհի մերկասառույցի պատճառով», — ասում է Արուսյակը։

Մեծ Արագյալ գյուղը գտնվում է Նինոծմինդայից 8 կմ հեռավորության վրա՝ Թափարվան գետի ափին։ Խմելու ջրի սակավությունը այս գյուղի բնակիչների համար գլխավոր խնդիրն է։

Ջրի պակասություն հատկապես սուր է ամռանը, երբ այն օգտագործվում է ոռոգման համար։ Այս ընթացքում բնակչությանը ջուր է մատակարարվում օրական ընդամենը 2-3 ժամ։ Այդ ժամանակ տեղացիները մեքենաներով պլաստմասե տարաներով լցված ջուր են բերում։ Այդ քանակի ջրով, Արագյալցիները չեն կարողանում բավարարել նույնիսկ իրենց տարրական կարիքները։

Տեսանյութը՝ հղումով

https://www.facebook.com/YouthforDemocraticChanges/videos/1321299438749736

Խնդրահարույց է նաև խմելու ջրի որակը, քանի որ այն կեղտոտվում է, հատկապես առատ տեղումներից հետո։

2023 թվականին Նինոծմինդայի մունիցիպալիտետի մի շարք գյուղերում [Մեծ Արագյալ, Ղաուրմա, Սաթխա և Ջիգրաշեն գյուղերում] Մունիցիպալ զարգացման հիմնադրամը նախատեսում է նոր ջրագիծ կառուցել, որի համար պետբյուջեից հատկացվել է 1 825 091 լարի։

Տենդերում հաղթող ճանաչված ընկերությունը հայտարարում է աշխատանքների մեկնարկի մասին և նշում, որ աշխատանքները կավարտվեն 2024թվականին։

Խմելու ջրագիծը կանցկացվի գյուղ՝ Սաղամոյից, Մեծ Արագյալի և Սաթխայի ուղղությամբ։ Նախատեսվում է նաև պոմպային համակարգի և ջրի ֆիլտրման համակարգի տեղադրում։

Նյութը պատրաստված է «Երիտասարդները հանուն ժողովրդավարական փոփոխությունների» կազմապերպության կողմից, «Youth ON-Քաղաքացիների ներգրավում հանուն դրական փոփոխությունների» ծրագրի շրջանակներում՝ USAID-ի Քաղաքացիական հասարակության ներգրավվածության ծրագրի աջակցությամբ։