Վրաստանի պաշտպանության նախարարի (ՊՆ) նախկին խորհրդական Դավիթ Խիդաշելիին հասանելի չէր պետական գաղտնի տեղեկատվությունը, հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն:
Սա նրա առաջին հրապարակային մեկնաբանությունն է այն բանից հետո, երբ հայտնի դարձավ, որ ուկրաինական պատերազմի սկսվելուց հետո պատժամիջոցի ենթարկված ռուս օլիգարխ Վլադիմիր Եվտուշենկովի հետ կապ ունեցող գործարար Խիդաշելին տարիներ շարունակ աշխատել է որպես Վրաստանի պաշտպանության նախարարի խորհրդական։
«Պաշտպանության նախարարության տարածած տեքստում շատ հստակ գրված էր, որ Դավիթ Խիդաշելիին հասանելի չի եղել որևէ տեղեկատվություն, հատկապես՝ գաղտնի տեղեկատվություն։ Ինչ վերաբերում է մեր որոշմանը, ապա մենք պատասխանատու ենք մեր որոշումների համար։ Ի վերջո, մենք քննարկեցինք այս թեման։ Եղել է որոշակի աշխատանքային հարաբերություն, որը դադարեցվել է փետրվարին»,- ասել է Կոբախիձեն։
Ընդգծենք՝ Վրաստանի ՊՆ մամուլի ծառայությունը ընդդիմադիր «Մթավարի արխի»-ի մարտի 14-ին տարածած տեղեկությունը, որ Խիդաշելին աշխատել է Վրաստանի ՊՆ խորհրդական, հաստատել է մարտի 15-ին և նշել, որ Խիդաշելին նախարարի խորհրդականն է եղել 2020 թվականից մինչև 2024 թվականի փետրվար ընկած ժամանակահատվածում։
Հիշեցնենք, որ 2019 թվականի սեպտեմբերից մինչև 2021 թվականի փետրվարի 22-ը պաշտպանության նախարարն էր Վրաստանի նախկին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին: Ղարիբաշվիլիի վարչապետ դառնալուց հետո պաշտպանության նախարար է նշանակվել Ջունշեր Բուրճուլաձեն, որը պաշտոնավարել է մինչև 2024 թվականի փետրվարը՝ նոր կառավարության ձևավորումը:
Պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ նոր նախարար Իրակլի Չիքովանիի նշանակումից հետո Խիդաշելին այլևս խորհրդական չէ։
Համաձայն «Հանրային ծառայության մասին» Վրաստանի օրենքի (հոդված 81), եթե նախարարը լքում է իր պաշտոնը, ապա նրա խորհրդականը նույնպես ինքնաբերաբար պաշտոնանկ է լինում։ Պարզվում է՝ Խիդաշելիին պաշտպանության նախարարությունում նշանակելու որոշումը երկու նախկին նախարարներն էլ ընդունել են։
Ի դեպ, Խիդաշելին ազգակցական կապ ունի ռուս օլիգարխ Վլադիմիր Եվտուշենկովի հետ։ Եվտուշենկովը՝ «Սիստեմ» ռուսական խոշոր կորպորացիայի սեփականատերը, առաջիններից էր, ում նկատմամբ Բրիտանիան պատժամիջոցներ էր կիրառել Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից հետո:
Խիդաշելիի անունը կապված է, այսպես կոչված՝ քարտեզագիրների գործի հետ. նա գլխավոր դերակատարն է, հետաքննությունը սկսվել է Ռուսաստանում նրա ձեռք բերած քարտեզների հիման վրա։ Վրաստանյան հասարակական կազմակերպությունների և Հանրային պաշտպանի գնահատմամբ՝ այս դեպքը եզակի քաղաքական դրդապատճառներ է ունեցել 2020 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ։ Խիդաշելիի խոսքով, «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլին է իրեն խնդրել ձեռք բերել քարտեզները։
2020 թվականի օգոստոսի 25-ին վրացի քննիչների հետ հարցաքննության ժամանակ Խիդաշելին ասել է, որ վերջին 20 տարիների ընթացքում զբաղվել է քարտեզագրական գործունեությամբ, ունի մեծ անձնական արխիվ և որոշակի պետության համապատասխան գործակալության քարտեզներ գտնելու հնարավորություն։ Խիդաշելիի ցուցմունքի համաձայն, 2019-ին Վրաստանի պաշտպանության նախարարությունը միջնորդի միջոցով նրան խնդրել է գտնել 1936-1938 թվականներին թողարկված Վրաստանի քարտեզները։ Խիդաշելին քարտեզներ էր փնտրել ռուսական երեք տարբեր կազմակերպություններում և Վրաստանի հանրային գրադարանի արխիվում։
Գործը վերաբերում է Վրաստան-Ադրբեջան սահմանի սահմանագծում-սահմանազատման գործընթացին, որը սկսվել է 1996 թվականին: Երկու երկրների հանձնաժողովի մակարդակով 24 տարվա ընթացքում համաձայնեցվել է սահմանի միայն 66 տոկոսը։ Վրաստանի համար կարևոր պատմամշակութային և կրոնական հուշարձանի՝ 6-րդ դարում կառուցված Դավիթ Գարեջիի վանական համալիրի մոտ 2 տոկոսը գտնվում է սահմանի չհամաձայնեցված հատվածում։ Խիդաշելին ասել է նաև, որ չնայած 1996 թվականի հունիսին Ադրբեջանի և Վրաստանի միջև կնքված համաձայնագրին, որը նշանակում էր` սահմանների սահմանագծման համար օգտագործվելու է 1938 թվականի քարտեզը, նույն թվականին՝ 1996-ին, հանձնաժողովը սկսել է աշխատել 1978 թվականի քարտեզներով: