Վրացական քաղաքական դաշտի ներկայացուցիչները Խերսոնից Ռուսաստանի նահանջը համարում են Պուտինի իշխանության վերջի սկիզբ: Ըստ նրանց՝ դա քաղաքականապես ցավոտ քայլ է Ռուսաստանի ղեկավարության համար:
Վրաստանի ռազմավարական վերլուծական կենտրոնի փորձագետ Գելա Վասաձեն զարմանալի չի համարում Ռուսաստանի դուրս գալը Խերսոնից:
Ըստ նրա՝ Խերսոնի հանձնումը, թերևս, ռազմավարական նշանակության խնդիր է, Ռուսաստանում ՌԴ-ի սահմանների մեջ են տեսնում Խերսոնը, Ղրիմը:
«Համաշխարհային հանրությունը՝ ԱՄՆ, ԵՄ և մի քանի այլ զարգացած երկրներ, Ռուսաստանի Դաշնության սահմանները տեսնում են ճիշտ այնպես, ինչպես այսօր է: Իսկ ահա Մոսկվայում սահմաններն այլ կերպ են տեսնում»,- ասել է Վասաձեն:
Նա նաև նշել է, որ Ռուսաստանի հարևանների խնդիրը սեփական անվտանգության ապահովումն է, իսկ համաշխարհային հանրության խնդիրը՝ ներկայի ողբերգության կրկնության հնարավորության բացառումը։
«Թե ինչպես կարելի է դա անել, մենք խոսել ենք դեռ փետրվարին՝ Ռուսաստանի Դաշնության ապառազմականացում, ապամիջուկայնացում և ապակայսերականացում։ Սա լավագույն տարբերակն է Ռուսաստանի և բոլորի համար»,- ընդգծել է վերլուծաբանը:
Վերլուծաբան Զուրաբ Բատիաշվիլիի խոսքով, ամեն ինչ տանում է նրան, որ Ռուսաստանում իրավիճակը նմանվի Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ ստեղծված իրավիճակին, երբ գործընթացը վերածվեց քաղաքական կոլապսի։
«Փաստորեն, մենք տեսնում ենք այն, ինչի մասին երկար ժամանակ խոսվում էր՝ ուկրաինական կողմը կարողացավ հեռահար մարտում «մաշել» Դնեպրի աջ ափին գտնվող ռուսական զորամասերը։ Ռուսական կողմը ստիպված եղավ դիմել այդ քայլին՝ զինվորականների շրջանում ավելի շատ զոհերից խուսափելու համար։
Պուտինը նույնիսկ չհայտնվեց լրատվական դաշտում, քանի որ չի ցանկանում առնչվել կորստին և պարտությանը, թեև չի կարող խուսափել այդ պատասխանատվությունից, քանի որ Ռուսաստանի բնակչությունը պատրաստ է դիմանալ դժվարություններին, սիրելիների մահվանը, սովին և այլն, բայց դրա համար նա որպես պարգև հաղթանակ է պահանջում։ Այս դեպքում հաղթանակ չկա, որն ուղեկցվում է մեծ զոհերով ռուս զինվորականների շրջանում»,- ասել է Բատիաշվիլին։
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի այն հայտարարությանն անդրադառնալով, ըստ որի` ստեղծված իրավիճակը հաշվի առնելով՝ Ռուսաստանը պատրաստ է բանակցությունների Ուկրաինայի հետ, Բատիաշվիլին նշել է, որ բանակցությունների հավանականությունը քիչ է։
«Ուկրաինան չի պատրաստվում զիջել իր տարածքները։ Բանակցությունները պետք է վարվեն կա՛մ այն պայմաններով, որոնք Ռուսաստանը վաղուց է դնում, և որը նշանակում է` գրավյալ տարածքները Ռուսաստանի համար պահել, ինչին չեն համաձայնի ո՛չ Ուկրաինան, ո՛չ Արևմուտքը. կամ պետք է բանակցություններ վարել Ուկրաինայի պայմանների շուրջ՝ Ուկրաինայի տարածքից ռուսական զինված ուժերի դուրսբերման համար, սակայն Ռուսաստանը դրա իրականացումը համարում է իր սեփական ձախողումը և մտադիր չէ դա անել»,- նշել է վերլուծաբանը:
Հիշեցնենք. երեկ հայտնի դարձավ, որ ռուսական զինված ուժերը լքել են Դնեպրի աջ ափը և Խերսոն քաղաքը։ Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն զորքերը դուրս բերելու հրաման էր տվել։
Ուկրաինայում ՌԴ զինված ուժերի ղեկավար Սերգեյ Սուրովիկինի խոսքով՝ որոշումը կայացվել է իրավիճակը գնահատելուց հետո։
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել էր, որ հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝ Ռուսաստանը պատրաստ է Ուկրաինայի հետ բանակցությունների։
Զախարովայի խոսքով՝ Ռուսաստանը երբեք չի հրաժարվել Ուկրաինայի հետ բանակցություններից և այժմ էլ պատրաստ է երկխոսության։