Խցանումների համար Թբիլիսիի քաղաքապետի ներողությունն ու խոստումը

Քեթևան Ծամեբուլիի պողոտայի և Մելիքիշվիլիի փողոցի վերականգնման աշխատանքների պատճառով մայրաքաղաքում խցանումներ են առաջացել, ինչի համար էլ Թբիլիսիի քաղաքապետը ներողություն է խնդրում՝ հայցելով բնակչության ներողամտությունը։

Ավլաբարից Իսանի թաղամաս ընկած գլխավոր՝ Քեթևան Ծամեբուլիի պողոտան ամիսներ շարունակ վերանորոգվում է, արդեն երկու ամիս է նաև սկսվել են Վակե թաղամասը Ռուսթավելի պողոտային միացնող Մելիքիշվիլի փողոցի վերականգնողական աշխատանքները: Սեպտեմբերի 15-ից էլ Վրաստանի դպրոցներում ու համալսարաններում սկսվեց դասապրոցեսը, ինչի ֆոնին էլ պիկ ժամերին մայրաքաղաքը կաթվածահար է լինում: Օրեր շարունակ սոցցանցերում քաղաքապետ Կախա Կալաձեի հասցեին ակտիվորեն քննադատություններ են տարածվում:

Կախա Կալաձեն նշում է, որ քաղաքն այժմ տրանսպորտային բարեփոխումների անցումային փուլում է, և բնակչությանը անհարմարավետություն է պատճառվում, սակայն բարեփոխումների ավարտից հետո մայրաքաղաքում տեղաշարժը շատ ավելի հեշտ կլինի, քան այժմ կամ նախորդ տարիներին։

Քաղաքապետը նշում է, նշված բարեփոխումներն իրենց թիմի նախընտրական խոստումներից են և որ իրենք այն պետք է կատարեն:

Բարեփոխման ավարտը դեռ հեռու է. առաջիկա տարիներին նախատեսվում է սկսել մի քանի խոշոր ծրագրեր։