
«Վրացական երազանք»-ի միակուսակցական խորհրդարանում ժամանակավոր քննչական հանձնաժողով չներկայանալու համար ընդդիմադիր «Ուժեղ Վրաստան/Լելո» կուսակցության առաջնորդ Մամուկա Խազարաձեին 50 հազար լարիի չափով գրավ է սահմանվել: Դատարանը, այսպիսով, բավարարեց դատախազի միջնորդությունը։
Խազարաձեի փաստաբանը նրա թիմակից Լևան Սամուշիան է։ Նա պահանջել էր քաղաքական գործչին ազատ արձակել առանց կանխարգելիչ միջոցների։ Ինքը՝ Խազարաձեն, չի պատասխանել լրագրողների հարցին, թե արդյոք մտադի՞ր է գրավ վճարել։
Խազարաձեին խորհրդարանում «Վրացական երազանք»-ի ստեղծած ժամանակավոր հետաքննչական հանձնաժողովի նիստին սպասում էին մարտի 25-ին, երբ «Մագնատ» ՍՊԸ-ի գործով հետաքննություն էր անցկացվում։ Քանի որ նա չի ճանաչում գործող խորհրդարանի լեգիտիմությունը, չի ներկայացել նիստին։
Հանձնաժողովի նախագահ Թեա Ծուլուկիանին նրա գործն ուղարկել է դատախազություն՝ հետաքննության համար։ Դատախազության տվյալներով՝ «հետաքննությունը պարզել է», որ Խազարաձեն չի ներկայացել «Վրացական երազանք»-ի կողմից խորհրդարանում ստեղծված ժամանակավոր քննչական հանձնաժողովի նիստին։
Խազարաձեին երեկ՝ ապրիլի 1-ին, մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 349-րդ հոդվածով՝ «Վրաստանի խորհրդարանի ժամանակավոր քննչական հանձնաժողովի օրինական պահանջը չկատարելը»։