Գալիք խորհրդարանական ընտրություններին ընդառաջ, Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի միավորման կոչը` ուղղված Մամուկա Խազարաձեի «Ուժեղ Վրաստան» կոալիցիային և նախկին վարչապետ Գիորգի Գախարիայի «Վրաստանի համար» կուսակցությանը, ներկա իրավիճակում կլինի ոչ միայն ուղղակի ճիշտ որոշում, այլև` քայլ, որը հեշտությամբ կարող է որոշիչ դեր խաղալ Բիձինա Իվանիշվիլիին և իշխող «Վրացական երազանք»-ին իշխանությունից հեռացնելու գործում, «Ալիք Մեդիա Վրաստան»-ի հետ զրույցում այսօրինակ տեսակետներ են հայտնում վրացի փորձագիտական շրջանակները:
Ըստ փորձագետների՝ Խազարաձե-Գախարիա միավորումը կլինի լավագույն տարբերակը. ընտրությունների շրջանում դա այլընտրանք կլինի ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում»-ին (ՄԱՇ) և հատկապես «Վրացական երազանք»-ին։ Փորձագետների գնահատմամբ՝ Խազարաձե-Գախարիա միավորումն ընտրողների համար շատ ավելի պարզ կդարձնի պատկերը։
Հիշեցնենք, որ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին երկու ընդդիմադիր խմբերի՝ «Ուժեղ Վրաստան» կոալիցիային և նախկին վարչապետ Գիորգի Գախարիայի «Վրաստանի համար» կուսակցությանը կոչ է արել միավորվել գալիք խորհրդարանական ընտրություններին ընդառաջ։ «Ուժեղ Վրաստան» կոալիցիան միավորում է Մամուկա Խազարաձեի «Լելո», Անա Դոլիձեի «Ժողովրդի համար», Ալեկո Էլիսաշվիլիի «Քաղաքացիներ» քաղաքական ուժերին և «Ազատության հրապարակ» քաղաքացիական շարժմանը:
Քաղաքագետ, նախկին պատգամավոր Դավիթ Զուրաբիշվիլիի խոսքով, Խազարաձե-Գախարիա միավորմամբ կստեղծվի «նացերին (ՄԱՇ) և քոցերին («Վրացական երազանք») չաջակցող ընտրողների համախմբում և սիներգիա: Նրա խոսքով, ակնհայտ է, որ կան Գախարիային ընտրողներ, որոնք չեն ցանկանում «Լելո»-ին ընտրել, և «Լելո»-ին ընտրողներ, որ չեն ցանկանում Գախարիայի կուսակցությանն ընտրել, բայց շատ ավելի շատ մարդիկ կան, որ դրականորեն են նայում այս մարտավարական միությանը, և եթե նախինում չէին ցանկանում մասնակցել ընտրություններին, ապա այս միավորմանը ձայն տալու համար հաստատ կմասնակցեն:
«Կգնան ընտրությունների ոչ թե այն պատճառով, որ հիանում են այդ կուսակցությունների առաջնորդներից որևէ մեկով, այլ առաջին հերթին այն պատճառով, որ Սալոմե-Խազարաձե-Գախարիա եռյակը երկնիշ վարկանիշ է հավաքում, և մեծ հավանականություն կա, որ ընդդիմադիր միավորումը կդառնա առաջատար»,- ասաց քաղաքագետը:
Նրա խոսքով՝ այն, որ հիմնական ընդդիմադիր ուժը կարող է լինել «ոչ նացական» (ՄԱՇ-ական) կուսակցությունների միավորում, որակապես նոր իրողություն է վրացական քաղաքականության մեջ. 2012 թվականից ի վեր երբեք նման բան չի եղել: Քաղաքագետ Զուրաբիշվիլիի կարծիքով՝ Խազարաձե-Գախարիա միավորումը եթե իրոք կայանա, կլինի ներկա իշխանության ամենաիրատեսական այլընտրանքը վերջին տասներկու տարիների ընթացքում։ Ըստ նրա՝ այս ընտրությունների կարևորությունից ելնելով, երբ ընտրությունն իրականում վրացական պետականության և ռուսական ճնշումների միջև է, նման այլընտրանքի ի հայտ գալը կենսական և էկզիստենցիալ նշանակություն ունի։
«Կարծում եմ, սա կստեղծի ընդդիմադիր ընտրողների նոր տեսակ և գուցե կգրավի իշխանության որոշ կողմնակիցների, որոնք քվեարկում են «Վրացական երազանք»-ի օգտին՝ որպես «նացերի» միակ այլընտրանքի, ինչը ցանկալի չէ»:
«Սոցիալական արդարության կենտրոն» ՀԿ-ի համահիմնադիր, «Հավասարության քաղաքականություն» ծրագրի տնօրեն Թամթա Միքելաձեի խոսքով, Գախարիա-Խազարաձե միավորումը կստեղծի ամենամեծ երրորդ կենտրոնը և քաղաքական այլընտրանքը. դեռևս չկողմնորոշված ընտրողների 25 տոկոսի մոտ հզոր նոր կենտրոնի հույս կառաջացնի և մեծապես կնպաստի նրանց մոբիլիզացմանը, կնվազեցնի նաև ձայներ կորցնելու ռիսկերը:
Միքելաձեի գնահատմամբ՝ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի այս միավորման առաջարկը ողջամիտ ու պրագմատիկ է թվում.
«Քաղաքացիական հասարակությունից, քաղաքացիական ծառայությունից և այլ մասնագիտական խմբերից այս քաղաքական միավորման շուրջ հավաքված մասնագետները կդառնան արդյունավետ ռեսուրս խոշոր և հավակնոտ քաղաքական առաջնորդներին վերահսկելու և հավասարակշռելու համար, ինչը կնվազեցնի սխալներ թույլ տալու ռիսկերը և հնարավորություն կտա ավելի ներառական քաղաքականություն վարել»,- գրել է Միքելաձեն:
Քաղաքագետ Վախթանգ Ձաբիրաձեի կարծիքով, եթե Գախարիա-Խազարաձե միավորումը կայանա, դա կլինի ընդդիմադիր թևի առաջատար միավորում, որը կպայքարի 2024 թվականի խորհրդարանական ընտրություններում առաջին տեղի համար։ Նրա խոսքով, Գախարիա-Խազարաձե թիմերի միավորմանը մեծապես կաջակցի հանրությունը.
«Եթե այս երկու խմբերը միավորվեն, չնայած նրանց միջև առկա խնդիրներին և այլն, դա կլինի լավագույն տարբերակը։ Ընդդիմության մեջ կհայտնվեր իրական քաղաքական ուժ, որը կհակառակվի «Վրացական երազանք»-ին, բայց դա պետք է տեղի ունենա ժամանակին, որպեսզի ընտրողները դա ընկալեն։ Եթե այդ միավորումը տեղի ունենա ընդդիմադիր թևում, ապա դա կլինի ոչ միայն առաջատար, այլև այն կուսակցությունը, որը մարտահրավեր է նետելու և լրջորեն մրցելու է «Վրացական երազանք»-ի հետ. ընտրություններում պայքարելու է առաջին տեղի համար»։
Նշենք, որ նախագահը Խազարաձեին և Գախարիային բանակցությունների նպատակով նախագահական նստավայրում ճաշի էր հրավիրել այսօր՝ սեպտեմբերի 17-ի ժամը 15:00-ին, սակայն հետաձգվել է մինչև ժամը 18:00-ն: Գախարիայի «Վրաստանի համար» կուսակցությունն ընդունել էր նախագահի հրավերը: Կուսակցության մամուլի գրասենյակից հայտնել էին, որ «Վրաստանի համար» կուսակցության ծրագրերում ոչինչ չի փոխվել։
«Ուժեղ Վրաստան» կոալիցիայի առաջնորդ Մամուկա Խազարաձեն հայտարարել էր, որ նախագահի հետ հանդիպումից առաջ իր և Գախարիայի դեմ առ դեմ հանդիպում պետք է անցկացվի։ Ըստ Խազարաձեի, անձնական հաղորդագրություն է ուղարկել Գախարիային՝ հանդիպելու ցանկությամբ:
Նախագահի հետ հանդիպումից առաջ Խազարաձեն և Գախարիան կհանդիպեն. «Վրաստանի համար» կուսակցության նախագահ Գախարիան սոցցանցերում գրել է, որ պատրաստ է Մամուկա Խազարաձեի հետ հանդիպման։ Ըստ Գախարիայի՝ Սալոմե Զուրաբիշվիլիին խնդրել է հետաձգել հանդիպումը, ինչին նախագահը համաձայնել է։ Խազարաձե-Գախարիա հանդիպման լուրը հաստատել են նաև «Ուժեղ Վրաստան» կոալիցիայից:
Հիշեցնենք. Վրաստանում հերթական խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան հոկտեմբերի 26-ին։ Ընդդիմադիր ընտրողների ձայները չկորցնելու համար որոշ կուսակցություններ որոշել են մասնակցել միասնական ցուցակով։ Այս հարցի շուրջ բանակցություններ են ընթացել «Լելո»-ի և «Վրաստանի համար»-ի միջև, բայց մինչ այժմ նրանք համաձայնության չեն հասել։