Խազարաձե-Գախարիա միավորման շուրջ բանակցությունը կավարտվի այսօր

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի նստավայրում սեպտեմբերի 18-ի ուշ երեկոյան ավարտվել է «Ուժեղ Վրաստան» կոալիցիայի առաջնորդ Մամուկա Խազարաձեի և նախկին վարչապետ, այժմ ընդդիմադիր «Վրաստանի համար» կուսակցության առաջնորդ Գիորգի Գախարիայի երկրորդ հանդիպումը։

Ընդդիմադիր առաջնորդների խոսքով՝ դեռևս բոլոր հարցերի շուրջ համաձայնություն ձեռք չի բերվել, սակայն ակնկալվում է, որ գործընթացը կավարտվի այսօր՝ սեպտեմբերի 19-ին:

«Դա դեռ չի ավարտվել (բանակցությունները — հեղ.). ես իսկապես հույս ունեի, որ այսօր կավարտվի: Դեռ չի ավարտվել, վաղը կավարտվի։ Ձեռք է բերվել որոշակի պայմանավորվածություն: Կան որոշ հարցեր, որոնք պետք է հստակեցվեն»,- հանդիպումից հետո ասել է Գախարիան՝ հավելելով, որ այսօր ևս հանդիպում է կայանալու:

Հանդիպումից հետո Խազարաձեն ասել է, որ ամբողջ գործընթացն ուղղված է Վրաստանը Եվրոպայի ուղու վրա դնելուն, արևմտամետ ընդդիմադիր ուժերի լիակատար համախմբմանը, որպեսզի կարճ ժամանակում երկիրը բերվի խաղաղ, կայուն, ազատ աշխարհ։

«Հեշտ բանակցություններ չեն: Մենք սկզբունքորեն մոտ ենք։ Խոսքը ոչ թե պաշտոնների կամ ցուցակների մասին է, այլ այն մասին, թե ինչպես կարելի է տապալել «Վրացական երազանք»-ը, ինչ անել, որ հին իշխանությունը չվերադառնա, և ինչպես ստեղծել նոր իրականություն, որպեսզի մեր երկիրը շատ շուտով իրականացնի սահմանված բարեփոխումները»,- ասել է Խազարաձեն:

Ընդդիմադիր առաջնորդներն առաջին անգամ հանդիպել էին սեպտեմբերի 17-ին. առաջին փուլում պայմանավորվածություն ձեռք չէր բերվել։ Հանդիպումից հետո Գախարիան ասել էր` Խազարաձեն մեկ օր ժամանակ է խնդրել։

Նշենք նաև, որ նախքան նախագահական գնալը, թե՛ սեպտեմբերի 17-ին, թե՛ սեպտեմբերի 18-ին Խազարաձե-Գախարիա առանձնազրույց էր տեղի ունեցել։

Ուշագրավ է, որ երկու ընդդիմադիր ուժերի միավորման և հանդիպման կոչ առաջին անգամ արել էր նախագահը` հրավիրելով Օրբելիանիի նստավայր։

Խազարաձե-Գախարիա միավորումը լավագույն այլընտրա՞նք ընտրողների համար. կարծիքներ