Միացյալ ազգային շարժում կուսակցությունը Թբիլիսիի Իսանիի մեծամասնական շրջանում առաջադրել է սեփական մեծամասնական թեկնածուին: Կուսակցության թեկնածուն Խատիա Դեկանոիձեն է:
Կուսակցության անդամներից Սալոմե Սամադաշվիլու հայտարարությամբ՝ Իսանիի մեծամասնական շրջանում միասնական ընդդիմության թեկնածու առաջադրելուց հետո քաղաքական իրավիճակը փոխվել է, այդ պատճառով կուսակցությունն առաջադրել է իր թեկնածուին:
Վրաստանի միավորված ընդդիմությունը ավելի վաղ համաձայնության էր հասել Թբիլիսիի մեծամասնական 8 շրջանների թեկնածուների վերաբերյալ և ընդհանուր թեկնածուներ էին առաջադրվել: Ընդդիմության թեկնածուն «Նոր Վրաստան» կուսակցության առաջնորդ Գիորգի Վաշաձեն էր:
Հուլիսի 30-ին հայտնի դարձավ, որ Գիորգի Վաշաձեն և մեկ այլ ընդդիմադիր Թակո Չարկվիանին լքում են «Ուժը միասնության մեջ է» ընդդիմադիր դաշինքը և պատրաստվում են առանձին մասնակցել ընտրություններին, ինչից հետո լարվեցին հարաբերությունները հիմնական ընդդիմադիր կուսակցության՝ Միացյալ ազգային շարժման և միավորված ընդդիմության թեկնածու Գիորգի Վաշաձեի միջև:
Գիորգի Վաշաձեի գնահատմամբ՝ Միացյալ ազգային շարժումը խախտել է պայմանավորվածությունը, քանի որ մնացած ընդդիմադիր կուսակցությունները կողմ են եղել իր թեկնածությանը:
Միացյալ ազգային շարժման որոշումը չի ընդունել նաև մեկ այլ ընդդիմադիր՝ Եվրոպական Վրաստան կուսակցությունը, որի առաջնորդների գնահատմամբ, որոշումը ավելի վնաս կպատճառի միավորված ընդդիմությանը: