«Վրաստանի լրագրողական էթիկայի խարտիայի» խորհուրդը երկրորդ ժամկետով խարտիայի գործադիր տնօրեն է ընտրել Մարիամ Գոգոսաշվիլիին։ Գոգոսաշվիլին ստացել է խորհրդի անդամների 5 ձայնը, տեղեկությունը տարածում է խարտիան:
Տեղեկության համաձայն, կանոնադրությամբ հայտարարված մրցույթին մասնակցելու ցանկություն է հայտնել 12 հոգի։ Հայտարարությունների մի մասը թերի է եղել, որոշներն էլ՝ ուշացած։ Ի վերջո, խորհուրդը հարցազրույցի է հրավիրել երկու թեկնածուի, որոնցից ձայների մեծամասնությունը ստացել է Գոգոսաշվիլին։
Գոգոսաշվիլին առաջին անգամ խարտիայի գործադիր տնօրեն է դարձել 2020 թվականի մարտի 2-ին։ Ըստ կանոնադրության՝ գործադիր տնօրենը նշանակվում է խորհրդի կողմից՝ երեք տարի ժամկետով։
«2018 թվականի փետրվարից մինչև 2020 թվականի մարտը Մարիամ Գոգոսաշվիլին աշխատել է Վրաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայում՝ ծրագրի համակարգողի պաշտոնում՝ Վրաստանում մեդիա միջավայրի բարելավման ուղղությամբ։ Մինչ այդ՝ 2012-2013 թվականներին, նույն կազմակերպությունում եղել է ԶԼՄ-ների իրավական պաշտպանության կենտրոնի իրավաբան։ 2013-2017 թվականներին նա ղեկավարել է «Ստերեո+»-ի իրավաբանական բաժինը»,- նշված է տարածած հաղորդագրության մեջ:
Գոգոսաշվիլին լրատվամիջոցների իրավունքի ոլորտում մի քանի գիտահետազոտական աշխատանքների հեղինակ է։ Նա Թբիլիսիի պետական համալսարանի իրավագիտության մագիստրոսի կոչում է ստացել, ինչպես նաև Վրաստանի հանրային կապերի ինստիտուտի (GIPA) միջազգային հարաբերությունների մագիստրոսի կոչում: Ներկայումս Թբիլիսիի պետական համալսարանի զանգվածային հաղորդակցության ծրագրում դոկտորի թեկնածու է։