Հոկտեմբերի 22-ին Վրաստանի «Լրագրողական էթիկայի խարտիա»-ի խորհուրդը քննարկել է իշխանական քարոզչական POSTV հեռուստաընկերության լրագրող Գուրանդա Բիլիխոձեի դեմ «Բազմազգ Վրաստան» (PMMG) հասարակական կազմակերպության (ՀԿ) հայցը:
«Լրագրողական էթիկայի խարտիա»-ն համարել է, որ վիճահարույց նյութերում խախտվել են լրագրողական էթիկայի սկզբունքները։
«Հակասական մեդիա արտադրանքը հրապարակվել է հոկտեմբերի 11-ին և 14-ին «POSTV — անալիտիկա»-ի ֆեյսբուքյան էջում, վերաբերում է ընդդիմադիր քաղաքական գործիչ Մամուկա Խազարաձեին։ POSTV-ի նյութերի համաձայն՝ Մամուկա Խազարաձեն թաքցնում է իր ոչ վրացական ծագումը։ «Բազմազգ Վրաստան»-ը պնդում էր, որ լրագրողը խախտել է խարտիայի առաջին (ճշգրտություն), 7-րդ (խտրականություն) և 11-րդ (փաստերի միտումնավոր խեղաթյուրում) սկզբունքները:
Պատասխանող կողմը ներկայացրել է գործի նյութերը՝ չհամաձայնելով դիմումատուի պնդումների հետ։ Խարտիայի խորհուրդը համարել է, որ վիճարկվող նյութերում խախտվել են բոլոր երեք վիճելի սկզբունքները»,- նշվում է տեղեկատվության մեջ։
Նշենք, որ POSTV-ին Վրաստանում ընդդիմադիր քաղաքական գործիչ, «Լելո» կուսակցության հիմնադիր և «Ուժեղ Վրաստան» կոալիցիայի առաջնորդ Մամուկա Խազարաձեին վարկաբեկելու նպատակով հայատյաց ռեպորտաժներ էր հեռարձակել: Առաջին ռեպորտաժում POSTV-ի լրագրողը հայատյաց հարցադրումներ էր արել Խազարաձեին: «Ինչո՞ւ չեք խոստովանում, որ հայ եք, ամաչո՞ւմ եք»,- քաղաքական գործչին հարցրել էր լրագրողը: Տեսանյութը կարելի է դիտել այստեղ:
Երկրորդ ռեպորտաժում ներառված անձինք ամեն կերպ փորձում են «բացահայտել» Խազարաձեի «հայկական» ծագումը և այս ամենին հասնելու համար հայատյաց հայտարարություններ են անում: Ռեպորտաժում Խազարաձեին անվանում են «խարդախ, ավանտյուրիստ և հայ»: