Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել 2023 թվականի խաղողի բերքահավաքի հետ կապված խորհրդակցություն։
Շրջակա միջավայրի պահպանության և գյուղատնտեսության նախարարության փոխանցմամբ, նիստում ընդունված որոշման համաձայն՝ «Ռքածիթելի» և «Կախուրի Մծվանե» սորտերի խաղողի սուբսիդավորումը կիրականացվի նաև 2023 թվականին։
Նախարար Օթար Շամուգիայի խոսքով, մի շարք բանակցություններ են տարվում վրացական գինին արտաքին կարևոր շուկաներում առաջ մղելու համար։
«Անցած տարիներին, ինչպես գիտեք, սուբսիդավորման չափը 35 թեթրի էր։ Այս տարվա բերքահավաքի շրջանակներում բոլոր այն ձեռնարկությունները, որոնք նշված սորտերի խաղող կստանան խաղողագործներից առնվազն 90 թեթրիով, կստանան սուբսիդավորում՝ 20 թեթրիի չափով։ Համապատասխան հրամանագիրը կպատրաստվի առաջիկա մի քանի օրվա ընթացքում և կներկայացվի կառավարություն»,- ասել է Շամուգիան։