Վրաստանի կառավարությունն այս տարի ևս կսուբսիդավորի խաղողի մթերումը, հայտարարել է վարչապետ Իրակլի Կոբախիձեն:
Կոբախիձեն այդ մասին մանրամասներ է հայտնել կառավարության նիստում։
«Ինչ վերաբերում է բերքահավաքին, 2024 թվականին խաղողի կանխատեսվող բերքը մոտավորապես 300 հազար տոննա է, շատ կարևոր է, որ պետությունը ձեռնարկի բոլոր միջոցները, որպեսզի այս բերքը պատշաճ իրացվի, այդ իսկ պատճառով այս տարի ևս կսուբսիդավորենք բերքը։ 20 հազարից ավելի արտադրողներ կկարողանան վաճառել իրենց բերքը», — ասել է Կոբախիձեն։
Կոբախիձեն նշել է՝ կառավարության որոշմամբ պետական սուբսիդիան կստանա այն ընկերությունը, որն այս տարվա բերքահավաքի ընթացքում կգնի և կվերամշակի Կախեթիի շրջանում աճեցված առնվազն 100 տոննա «Ռքածիթելի» խաղող և գնված յուրաքանչյուր 1 կգ խաղողի դիմաց արտադրողին կվճարի առնվազն 1 լարի:
Կոբախիձեի խոսքով, կբացվի համակարգող շտաբ, որպեսզի բերքը կազմակերպված մթերվի։