Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն ասել է, որ խաղաղ քաղաքացիներին գազով ու ռետինե փամփուշտներով ցրելը ոչ թե ներկա կառավարության, այլ Միխեիլ Սաակաշվիլիի ձեռագիրն է:
Կառավարության ղեկավարն ասել է, որ այդ նախկին իշխանության կողմից կառավարվող լրատվամիջոցներն են տարածում տեղեկատվություն, թե ոստիկանությունը խաղաղ բնակչության դեմ ուժ է կիրառում:
«Ուզում եմ Վրաստանի ցանկացած քաղաքացու ասել, որ հանգիստ լինեն, մենք միասին ու պատվով կհաղթահարենք այս մարտահրավերը, որից հետո վրացական պետությունը, վրաց ժողովրդարվարությունն ու սահմանադրությունն ավելի կուժեղանան», — ասել է Բախտաձեն՝ հավելելով, որ ոստիկանությունը գործել է օրինաչափ, պաշտպանել է պետությունը, հիմա ամենակարևորը տուժածների առողջությունն է:
Հիշեցնենք՝ Ռուսթավելիի պողոտայում բախումների հետևանքով, ըստ վերջին ոչ պաշտոնական տվյալների՝ մի քանի հարյուր մարդ է տուժել: Նրանց մի մասը ոստիկաններ են: Ակցիայի ընթացքում տասից ավեի լրագրող է տուժել: Մի քանի տասնյակ մարդ շարունակում է մնալ հիվանդանոցներում: