Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է Ադրբեջանի արդարադատության նախարար Ֆիքրեթ Մամեդովի հետ, հայտնում է Վրաստանի կառավարության ֆեյսբուքյան էջը:
Տեղեկության համաձայն, հանդիպմանը քննարկվել են երկու երկրների միջև առկա հարաբերությունները, ապագա գործընկերության հեռանկարները և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերջին այցը Վրաստան։ Նշվել է նաև, որ այս այցը Վրաստանի ու Ադրբեջանի միջև ակնառու հարաբերությունների ևս մեկ ապացույց է և լրացուցիչ ազդակ կհաղորդի երկու երկրների համագործակցությանը։
Հանդիպման ընթացքում խոսվել է տարածաշրջանում տիրող իրավիճակի մասին. ընդգծվել է հակամարտությունների կարգավորման գործում երկխոսության կարևորությունը։
«Նշվեց, որ այս ուղղությամբ խաղաղ հարևանության նախաձեռնությունը կարող է վստահության բարձրացման ամուր հիմք դառնալ։ Ուշադրություն է դարձվել երկրների միջև առևտրատնտեսական հարաբերություններին։ Նշվել է, որ Ադրբեջանն առաջատար երկիր է Վրաստանի առևտրային գործընկերների շարքում, և պատրաստակամություն է արտահայտվել ավելի խորացնելու այդ կապերը»,- նշված է տարածած հաղորդագրության մեջ:
Ի դեպ, Ադրբեջանի արդարադատության նախարարը Վրաստան է այցելել վրաց-ադրբեջանական իրավական ֆորումի շրջանակներում։ Ֆորումն առաջին անգամ է անցկացվում Վրաստանի և Ադրբեջանի արդարադատության նախարարությունների հովանու ներքո։