Վրաստանում կրկին նախատեսվում է խստացնել օրենսդրությունը՝ ցույցերի ազատությունը սահմանափակելու նպատակով։
Մասնավորապես, նախատեսվում է ավելացնել տուգանքները և ազատազրկման ժամկետները բողոքի ցույցերի ժամանակ մանր խուլիգանության, իրավապահներին դիմադրություն ցույց տալու, հանրությանը բռնության կոչ անելու համար։ Այդ մասին «Վրացական երազանք»-ի գրասենյակում կայացած ճեպազրույցում հայտարարել է կուսակցության առաջնորդներից Մամուկա Մդինարաձեն։
«Վրացական երազանք»-ի որոշմամբ՝ նախատեսվում են Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում հետևյալ փոփոխությունները.
- կարգելվի հավաքներ անցկացնել փակ տարածքներում կամ շենքերում՝ առանց սեփականատիրոջ նախնական համաձայնության:
- Մանր խուլիգանության, վանդալիզմի, իրավապահների պահանջներին չենթարկվելու և վիրավորելու, դատարանների մուտքերն արգելափակելու և նմանատիպ այլ վարչական իրավախախտումների համար տուգանքներն ավելանում են, ինչպես նաև ավելանում է ազատազրկման ժամկետը 15-ից դառնալով՝ մինչև 60 օր:
- Վարչական իրավախախտում կհամարվի պետական պաշտոնյային կամ հանրային ծառայողի հասցեին հնչեցված բանավոր վիրավորանքը՝ կապված նրա գործունեության հետ:
Նախատեսվում են փոփոխություններ նաև Քրեական օրենսգրքում, մասնավորապես.
- Բռնության հրապարակային կոչը նախկինում պատժվում էր միայն տուգանքով և հասարակական աշխատանքով: Փոփոխության արդյունքում այդ արարքի համար կսահմանվի ազատազրկում մինչև 3 տարի ժամկետով:
- Ոստիկանության ծառայողների նկատմամբ դիմադրություն ցույց տալու, սպառնալու կամ բռնություն գործադրելու համար քրեական ազատազրկման ժամկետն ավելանում է, պատիժը՝ ազատազրկում՝ 5-ից 6 տարի ժամկետով:
- Խստացվում է ոստիկանին առողջական վնաս հասցնելու դեպքում կիրառվող պատիժը:
- Խստացվում է նաև ոստիկանների, պետական պաշտոնյաների և նրանց ընտանիքի անդամների վրա հարձակումների համար նախատեսված պատիժը, եթե դրանք կատարվել են խմբակային, ոչ առաջին անգամ կամ վտանգավոր միջոցներով։
- Նախատեսվող նոր օրենքի համաձայն` պաշտոնյայի կամ պետական ծառայողի նկատմամբ հարձակմամբ կամ բռնությամբ սպառնացող անձը կպատժվի քրեական կարգով:
Կարդացեք նաև`
«Վրացական երազանք»-ի օրենսդրական փոփոխությունների շարքը. ամփոփ