Հունգարական Wizz Air ավիաընկերությունը վերսկսել է կորոնավիրուսի համաճարակի պատճառով դադարեցված ուղիղ չվերթները Քութայիսիից դեպի Վիեննա, Բեռլին և Բարսելոնա։
Վրաստանի օդանավակայանների ասոցիացիայի տվյալներով՝ նոյեմբերի 2-ից վերսկսված դեպի Վիեննա և Բեռլին առաջին թռիչքների տոմսերը գնել է 600 մարդ։ Քութայիսիի օդանավակայանից դեպի Վիեննա և հակառակ ուղղությամբ թռիչքները կիրականացվեն շաբաթական երկու անգամ, իսկ դեպի Բեռլին մեկ անգամ։
Օդանավակայանների միության տվյալներով՝ Վրաստանի քաղաքացիները կարող են մեկնել Ավստրիա, այդ թվում՝ զբոսաշրջության նպատակով, ամերիկյան, եվրոպական կամ չինական պատվաստանյութերով պատվաստվելու դեպքում։ Բացի, Covid անձնագրից մաքսակետում անհրաժեշտ է ներկայացնել վերջին 72 ժամվա ընթացքում կատարված ՊՇՌ-թեստի կամ վերջին 48 ժամում կատարված հակագեն թեստի բացասական պատասխան։ Վրաստանի այն քաղաքացիներին, ովքեր պատվաստման ամբողջական կուրս են անցել, կթույլատրվի մուտք գործել Գերմանիա։ Գերմանիայում թույլատրված պատվաստանյութերն են՝ Pfizer, AstraZeneca, Moderna, J&J:
Wizz Air-ը հոկտեմբերի 31-ից վերսկսել է նաև Քութայիսի-Բարսելոնա չվերթը, Վրաստանի քաղաքացիները կարող են Իսպանիա մեկնել որպես զբոսաշրջիկներ՝ Վրաստանում առկա ցանկացած պատվաստանյութով 2 չափաբաժնով պատվաստվելու դեպքում, անհրաժեշտ է նաև սահմանին ներկայացնել պատվաստումը հաստատող փաստաթուղթ (այսպես կոչված՝ COVID-19 անձագիր՝ QR կոդով): Իսպանիա մեկնելուց 48 ժամ առաջ անհրաժեշտ է առցանց ձևով լրացնել բժշկական ձևաթուղթը (www.spth.gob.es/create) և սահմանին ներկայացնել ստացված QR կոդը։
Տաթև Խոցանյան, «Ալիք մեդիայի» ստաժոր