
Wizz Air ավիաընկերությունը վերսկսում է թռիչքները դեպի Մադրիդ. այս տեղեկությունը տարածել է Քաղաքացիական ավիացիայի գործակալությունը։
Ըստ հաղորդագրության՝ Wizz Air-ը սկսում է գործունեությունը Քութաիսի-Լիոն-Քութաիսի ավիաուղիով։
«Այս տարվա ամառային նավիգացիոն սեզոնից հունգարական Wizz Air ավիաընկերությունը ավելացնում է նոր կանոնավոր թռիչքուղի Քութաիսիի միջազգային օդանավակայանից։
Ավիաընկերության կողմից Վրաստանի Քաղաքացիական ավիացիայի գործակալությանը ներկայացված հայտի համաձայն՝ հունիսի 3-ից Քութաիսի-Լիոն-Քութաիսի ավիափոխադրումները կիրականացվեն շաբաթական 2 չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր երեքշաբթի և շաբաթ։
Wizz Air Hungary-ն նաև կվերսկսի գործունեությունը Քութաիսի — Մադրիդ — Քութաիսի ավիաուղիով։ Ավիաընկերությունն այս թռիչքուղիով չվերթեր է իրականացրել 2023 թվականի հունիսից մինչև 2024 թվականի մարտը։ Թռիչքները կվերսկսվեն ապրիլի 29-ից և կիրականացվեն շաբաթական երկու անգամ՝ յուրաքանչյուր երեքշաբթի և շաբաթ։
Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարության Քաղաքացիական ավիացիայի գործակալությունը այս տարվա մարտի 17-ին ավիաընկերությանը տրամադրել է թռիչքներ իրականացնելու անհրաժեշտ թույլտվություն»,- հայտնել են Քաղաքացիական ավիացիայի գործակալությունից։