Ամերիկյան հեղինակավոր Washington Post-ը անդրադառնալով Վրաստանում կայանալիք նախագահական ընտրություններին, գրում է, թե ինչու է այն կարևոր Արևելյան Եվրոպայի համար։
Ընտրությունների երկրորդ փուլը, որ տեղի կունենա նոյեմբերի 28-ին, ցույց կտա, որ Վրաստանը կամ հեռանում է հետխորհրդային ժողովրդավարությունից և իր տեղն ամրագրում եվրոպական ընտանիքում, կամ լուրջ հարված է հասցնում երկրի արդիականացվող ժողովրդավարական վարկանիշին՝ վերադառնալով հետխորհրդային գերություն։
«Առաջին փուլում քաղաքական բանավեճերը վերածվեցին տհաճ վիրավորանքների, երբ բռնության սպառնալիքն ու մտահոգությունը իրականությանը մոտ էին»,- Washington Post-ում գրում է Ամերիկայի ձայնի վրացական ծառայության թղթակից Իա Մեուրմիշվիլին։
Հոդվածագիրը նկատում է, որ Վրաստանն արդեն բացառություն է հետխորհրդային տարածքում։ Նախկին խորհրդային երկրների (բացառությամբ Բալթյան) հետ համեմատությամբ զգալի հաջողություններ է գրանցել ժողովրդավարական ինստիտուտների կառուցման, տնտեսական բարեփոխումների հարցում և կոռուպցիայի դեմ պայքարում, բացի այդ նշանակալի ներդրում է ունեցել Աֆղանստանում ՆԱՏՕ-ի խաղաղարար առաքելություններում։
Վրաստանը, սակայն, դեռևս մի շարք մարտահրավերների է հանդիպում։ Լրատվամիջոցներն ամբողջովին քաղաքականացվել են, իշխանական ու ընդդիմադիր խոշոր հեռուստաընկերությունները բաց քարոզում են իրենց թեկնածուին։ «Մյուս կողմից էլ Ռուսաստանը, որ բռնագրավվել է երկրի տարածքի 20%-ը դիմում է ապատեղեկատվության ու կիբերհարձակումներին՝ փորձելով ազդել վրաստանյան ընտրությունների ելքի վրա»։
«Եթե Վրաստանը չկարողանա անցկացնել ազատ ու արդար ընտրություններ, դա եվրոպական շատ մայրաքաղաքներում առիթ կտա հաստատելու, որ Վրաստանը պատրաստ չէ դառնալ Արևմուտքի մաս»։
Հոդվածագիրը նաև գրում է, որ «եթե Վրաստանին հաջողվի դառնալ զարգացող տնտեսությամբ կայուն ժողովրդավար երկիր, դա լուրջ ազդեցություն կունենա Ուկրաինայի, Հայաստանի և հետխորհրդային մյուս երկրների, ներառյալ նաև Ռուսաստանի վրա»։