«Ուժեղ Վրաստան»-ը կդիմի խարտիային ընդդեմ «Ռուսթավի 2»-ի

Վրաստանյան ընդդիմադիր «Ուժեղ Վրաստան» կոալիցիան կդիմի «Լրագրողական էթիկայի խարտիա»-ին ընդդեմ իշխանամետ «Ռուսթավի 2» հեռուստաընկերության։

Կոալիցիան հաղորդագրության մեջ նշել է, որ իշխանական քարոզչական «Ռուսթավի 2» լրատվամիջոցն իրենց մասին ապատեղեկատվություն և զրպարտություն է տարածում։

«Իբր` Մամուկա Խազարաձեն (կոալիցիայի առաջնորդ — հեղ.) ապրիլի 9-ին Մոսկվա է ուղարկել կուսակցության ներկայացուցչին, որն այնտեղ գաղտնի հանդիպումներ է անցկացնում (մեջբերում ՀԸ-ի սյուժեից)։ Հայտարարում ենք, որ վերոնշյալ տեղեկությունը կեղծ է և նպատակ ունի վարկաբեկելու «Լելո-Ուժեղ Վրաստան»-ին ու նրա առաջնորդին և մոլորեցնելու հանրությանը, ինչը թույլ չենք տա», — նշել են կոալիցիայից։

Ըստ կոալիցիայի` հիմնադրման օրվանից իրենք սպասարկում են Վրաստանի ազգային շահերը և երկրի եվրոպական արժեքների ամենամեծ պաշտպանն ու քարոզիչն են։

«Սա մի կուսակցություն է, որը 5 տարի բարձրաձայն մերկացնում է «Վրացական երազանք»-ի ռուսական ռեժիմը և ապօրինի իշխանության կապը օկուպացիոն պետության հետ, ինչը հանրությանը քաջ հայտնի է, և ըստ այդմ՝ քարոզչական լրատվամիջոցների փորձը՝ ԿԳԲ-ի մեթոդներով խարխլելու ամենակուռ և աճող ընդդիմադիր քաղաքական ուժին, ապարդյուն է, և ոչ ոք դրան չի հավատա։

Ինչ վերաբերում է կուսակցության անդամ Թամար Ռոմելաշվիլիին, ապա նա Մոսկվայում է ընտանիքի անդամի հուղարկավորությանը մասնակցելու նպատակով։ Ըստ երևույթին, նրա տեղաշարժը սահմանին հայտնվել է հատուկ ծառայությունների ուշադրության կենտրոնում, որոնք այս, իբր, «սկանդալային» տեղեկությունն ուղարկել են անմիջապես քարոզչական լրատվամիջոցներին, և նրանք իրենց հերթին հերթական զրպարտիչ սյուժեն են տարածել՝ նպատակ ունենալով վարկաբեկելու կոալիցիայի ղեկավար Մամուկա Խազարաձեին», — ասված է կոալիցիայի հայտարարության մեջ։