
Վրաստանի էթնիկ փոքրամասնությունների համար նախատեսված «1+4» ծրագրի ուսանողների համար մեկնարկել է պետական գերատեսչություններում վճարովի ստաժավորում անցնելու մրցույթի դիմումների ընդունումը:
Հաշտեցման և քաղաքացիական իրավահավասարության հարցերով պետական նախարարի աշխատակազմի փոխանցմամբ՝ ծրագիրն իրականացվում է պետական մարմինների հետ համագործակցությամբ:
Նշվում է, որ մրցույթի հիման վրա ընտրված դիմորդները 4 ամիս վճարովի ստաժավորում (պրակտիկա) կանցնեն պետական գերատեսչություններում, տեղական ինքնակառավարման մարմիններում և հանրային իրավունքի իրավաբանական կազմակերպություններում:
«Պրակտիկայի ծրագրի նպատակն է Վրաստանում ապրող էթնիկ փոքրամասնությունների ներկայացուցիչներին ծանոթացնել հանրային ծառայության գործունեության առանձնահատկություններին, զարգացնել մասնագիտական հմտությունները և, ի վերջո, նպաստել նրանց ներգրավվածությանը և քաղաքացիական ինտեգրման գործընթացին»,- նշված է հայտարարության մեջ:
Ըստ հայտարարության՝ վճարովի պրակտիկայի վարձատրությունը կկազմի 399 լարի, լրիվ դրույքով: Տեղերի քանակը 252 է: Այլ մանրամասների ծանոթանալու համար բացեք հղումը: