Փետրվարից ԱՄՆ գանձապետարանի պատժամիջոցների ենթարկված անձանց ցուցակում գտնվող VTB բանկը Վրաստանում 2022 թվականի առաջին կիսամյակն ավարտել է 91,5 մլն լարիի վնասով։
Նվազել է նաև բանկային ակտիվների, վարկերի և ավանդների ծավալը։ Նշենք նաև, որ պատժամիջոցների սահմանումից անմիջապես հետո VTB-ի ավանդային և վարկային պորտֆելները, ինչպես նաև ենթակառուցվածքներն ու անձնակազմը բաշխվել են BasisBank և Liberty Bank ընկերություններին:
Արդյունքում բանկի ֆինանսական ցուցանիշները նվազել են հետևյալ կերպ.
- ակտիվները՝ 470,8 մլն լարի, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 77 տոկոս նվազում,
- վարկերը՝ 311 մլն լարի, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 79 տոկոս նվազում,
- ավանդները՝ 42,6 մլն լարի, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազում 97 տոկոսով:
Այս ամենից բացի, 2022 թվականի առաջին կիսամյակում բանկը կրել է 91 մլն 507 հազար 663 լարի վնաս։
Հիշեցնենք՝ BasisBank-ը գնել է VTB բանկի Վրաստանի գործող վարկային և ավանդային պորտֆելը։ VTB-ն այս որոշումը բացատրում է իր ավանդատուների և հաճախորդների շահերի պաշտպանությամբ։
Ի դեպ, Ռուսաստանի մեծությամբ երկրորդ՝ VTB բանկը, որի դեմ ԱՄՆ-ն ու եվրոպական մի շարք երկրներ սահմանափակումներ են կիրառել, խոշոր խաղացող է նաև վրացական շուկայում։ Պատժամիջոցները, փաստացիորեն, վերաբերել են նաև VTB բանկի Վրաստանի մասնաճյուղին։