Վաշինգտոնը շարունակում է վերանայել հարաբերությունները Վրաստանի հետ, ևս մեկ անգամ հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի մամուլի խոսնակ Մեթյու Միլլերը։
Ըստ նրա` Վաշինգտոնի քաղաքականությունը կախված կլինի Վրաստանի իշխող «Վրացական երազանքի» գործողություններից և «կուրսի փոփոխությունից» (նկատի ունի եվրատլանտյան կուրսը փոխելը-հեղ.)։
«Եթե դուք նայեք մեր գործողություններին, մենք հստակ հասկացրել ենք, որ դատելու ենք Վրաստանի կառավարությանը՝ ելնելով նրանց սեփական քաղաքականությունից, և մեր քաղաքականությունը կախված է Թբիլիսիի գործողություններից: Պետքարտուղար (Էնթոնի Բլինկենը-հեղ.) հայտարարել է վերանայման մասին։ Վրաստանի հետ մեր հարաբերությունների վերաբերյալ սահմանել ենք լրացուցիչ սահմանափակումներ, պատժամիջոցներ պաշտոնյաների նկատմամբ, և (հարաբերությունների-հեղ.) վերանայումը շարունակվում է»,- ասել Միլլերը։
Միլլերը նաև հավելել է. «Մենք հուսով ենք, որ ցանկացած երկիր, որը կսկսի նահանջել ժողովրդավարության և եվրաատլանտյան ինտեգրման առումով, կփոխի այդ ընթացքը։ Հատկապես, երբ տեսնում ենք, որ այս երկրի բնակչությունը նկատել է կուրսը փոխելու գործընթացը»։
Ի դեպ, չնայած միջազգային գործընկերների կոչերին` չընդունել օրենքը, մայիսի 28-ին Վրաստանի խորհրդարանը հաղթահարել է «գործակալների օրենքի» վրա դրված նախագահի վետոն։ Սույն օրենքը օտարերկրյա ազդեցության շահերի կրողներ է հռչակում բոլոր այն հասարակական և մեդիա կազմակերպությունները, որոնք ֆինանսավորում են ստանում երկրի ռազմավարական գործընկերներից։
Որոշ հասարակական և լրատվական կազմակերպություններ ասել են, որ չեն գրանցվի զրպարտության ռեեստրում և կօգտագործեն բոլոր օրինական լծակները։
Օրենքի ընդունումից հետո Եվրամիության կողմից արդեն դադարեցվել է Վրաստանին տրամադրվող օգնության մի մասը, և ԱՄՆ-ն անորոշ ժամկետով հետաձգել է ռազմական պատրաստությունը։