Վրաստանի կողմից չվերահսկվող Ցխինվալիի շրջանի դե ֆակտո արտաքին գործերի նոր նախարար Ախսար Ջիոևը հայտարարել է՝ «Հարավային Օսիան կայացած պետություն է»:
Նորանշանակ դե ֆակտո ԱԳ նախարարի խոսքով, Հարավային Օսիան անկախ պետություն է դարձել 1992 թվականին, երբ ընդունվել է «Պետական անկախության մասին ակտը»: Ըստ նրա՝ Ցխինվալին արդեն ճանաչված պետություն էր մինչև 2008 թվականը:
«Ինչ վերաբերում է 2008 թվականի օգոստոսի 26-ին Ռուսաստանի կողմից ճանաչմանը, ապա դա նշանակալից և ճակատագրական իրադարձություն էր», — ասել է Ջիոևը։
Նրա խոսքով, երբ խոսում են «Հարավային Օսիայի պետականության» մասին, պետք է նշել, որ ինքնիշխանության սկզբունքն ինքնին ներառում է պետականության համար անհրաժեշտ ատրիբուտներ՝ տարածք, բնակչություն, պետական մարմիններ, բանակ, և «Ցխինվալիի հանրապետությունը» համապատասխանում է այս բոլոր չափանիշներին։
Գիոևն ընդգծել է, որ «միջազգային իրավունքը ոչ մի տեղ չի ասում, թե քանի երկիր պետք է ճանաչի պետությունը, որպեսզի այն համապատասխանի որոշակի նորմերին»։
«Ճիշտ է, մեր հանրապետությունը դեռ չի անդամակցում միջազգային կազմակերպություններին, բայց մենք լավատեսորեն ենք տրամադրված ապագայի նկատմամբ»,- հավելել է դե ֆակտո նոր արտգործնախարարը։
Միաժամանակ Ջիոևը մտահոգություն է հայտնել Վրաստանում ընթացող «Արժանի գործընկեր» բազմազգ զորավարժությունների կապակցությամբ և նշել, որ «տարածաշրջանում ոչ տարածաշրջանային երկրների ներկայացվածությունը և նրանց ռազմական բաղադրիչները անհանգստացնում են ինչպես Հարավային Օսիային, այնպես էլ ռուս գործընկերներին»։