Վրաստանյան զարգացումներն ու արժեզրկվող լարին

Վերջին օրերին վրացական լարին դոլարի նկատմամբ արժեզրկվում է, ինչը տնտեսագետները կապում են Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության հայտարարության հետ, ըստ որի՝ հրաժարվեցին եվրաինտեգրման բանակցություններ սկսել մինչև 2028 թվականի վերջը:

Լարին դոլարի նկատմամբ հատկապես արժեզրկվում է առևտրային, մոբայլ բանկերում և այլ առևտրային հարթակներում, ինչը, ըստ տնտեսագետների, ամբողջությամբ կապված է «Վրացական երազանք»-ի որոշման և բացասական սպասումների հետ։

Փաստերի ստուգման GeoFacts-ի վերլուծաբան Գիորգի Էլիզբարաշվիլին «Ալիք Մեդիա Վրաստան»-ի հետ զրույցում ասաց՝ հոկտեմբերին փոխարժեքը պահպանելու համար Ազգային բանկը (ԱԲ) վաճառել է 591 մլն դոլարի պահուստ. 213 մլն արտարժույթի աճուրդում, 378 մլն՝ Bmatch հարթակում՝ առանց աճուրդի, ինչն ապահովեց, որ ընտրություններից հետո մեկ ամիս փոխարժեքը գրեթե անփոփոխ մնա:

Ըստ նրա՝ մինչ Կոբախիձեի հայտարարությունը, դոլարի համաշխարհային ամրապնդման պատճառով լարին դոլարի նկատմամբ արժեզրկվել է ընդամենը 2 թեթրիով։ Ավելին, հոկտեմբերի 26-ից նոյեմբերի 29-ն ընկած ժամանակահատվածում եվրոյի նկատմամբ լարին ամրապնդվել է 5 թեթրով՝ 2,94-ից հասնելով 2,89-ի, իսկ բրիտանական ֆունտի նկատմամբ՝ 6 թեթրիով՝ հասնելով 3,47-ի։

«Ամեն ինչ փոխվեց նոյեմբերի 28-ի երեկոյան վարչապետի ճեպազրույցից հետո, երբ Իրակլի Կոբախիձեն հայտարարեց եվրաինտեգրումը մինչև 2028 թվականի վերջը կասեցնելու մասին։ Ուրբաթ օրվա հայտարարությունից հետո երկուշաբթի լարիի պաշտոնական փոխարժեքը 2,78 է, օրվա ընթացքում Bloomberg առևտրային հարթակում փոխարժեքը գերազանցել է 2,87-ը: Առևտրային բանկերում դոլարի գնման արժեքը մոտեցել է 3,00 նշագծին, սակայն ինտերնետ-բանկինգի միջոցով գնումների դեպքում, ինչպես նաև արժութային կրպակներում դոլարի գնման գինը համեմատաբար ցածր է», —  ասաց Էլիզբարաշվիլին:

Նրա գնահատմամբ՝ երկու օրում մակրոտնտեսական գործոնները չեն վատթարացել, և ներկայիս անկումը գրեթե ամբողջությամբ կապված է կառավարության որոշման և բացասական սպասումների հետ։

Դեկտեմբերի 3-ի դրությամբ Bloomberg առևտրային հարթակում լարիի փոխարժեքը հասնում է 2,87 դոլարի:

Եվրաինտեգրման բանակցություններից հետո Ամերիկայի Միացյալ Նահանգները դադարեցրել է ռազմավարական գործընկերությունը Վրաստանի հետ: ԱՄՆ Պետդեպարտամենտի հայտարարության մեջ գրված է՝ Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը, դադարեցնելով Վրաստանի Եվրամիությանն անդամակցելու գործընթացը, մերժեց Եվրոպայի հետ սերտ կապերի հնարավորությունը և Վրաստանն ավելի խոցելի դարձրեց Կրեմլի համար:

Տնտեսագետ, Կովկասի համալսարանի պրոֆեսոր Օթո Աբեսաձեն նշել է՝ ներկայիս պատժամիջոցների և միջազգային մեկուսացման ֆոնին լարիի փոխարժեքը մինչև հունվարի վերջ կարող է գերազանցել արժեզրկման պատմական ռեկորդը, եթե պահպանվի ներկայիս իրավիճակը.

«Ամերիկայի Միացյալ Նահանգները ռազմավարական գործընկերությունը դադարեցրել է մեզ հետ։ Մենք փակել ենք Եվրամիության հետ անդամակցության բանակցությունները: Վրաստանում անցկացված ընտրությունները չունեն լեգիտիմություն քաղաքացիական աշխարհի կողմից: Վրաստանի դեմ լայնածավալ ֆինանսական և քաղաքական պատժամիջոցներ են սպասվում»:

Ըստ տնտեսագետի՝ որևէ միություն, անգամ BRICS-ը չի ընդունի Արևմուտքից ոչ լեգիտիմ իշխանություն ունեցող մեկուսացված երկիր, և Վրաստանը կմնա բացարձակապես միայնակ, անգործընկեր և անընկեր միջազգային դաշտում.

«Մեր ընտրությունը մեկուսացումն ու սովը չէ: Մեր ընտրությունը Եվրոպան և Արևմուտքն են: Ընտրությունը կատարվել է մեկուսացված սովի և եվրոպական կյանքի միջև»:

Հիշեցնենք. Վրաստանում եվրոպամետ և հակակառավարական զանգվածային ցույցեր են  սկսվել են նոյեմբերի 28-ին. այդ օրը պաշտոնապես հայտնի դարձավ, որ «Վրացական երազանք»-ը հրաժարվում է անդամակցել Եվրամիությանը։

Նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի խոսքով՝ Վրաստանի ոչ լեգիտիմ իշխանությունը պատերազմ է հայտարարել սեփական ժողովրդին։ Ընդդիմության գնահատմամբ՝ կառավարությունը պաշտոնապես փոխել է երկրի արևմտյան ուղին։ ՀԿ-ները քաղաքացիներին կոչ են անում չհամակերպվել «Վրացական երազանք»-ի որոշմանը։