Վրաստանի կորոնավիրուսի տարածման կանխարգելման հարցերով կառավարության գլխավորած միջգերատեսչական համակարգող խորհրդի որոշմամբ՝ դեկտեմբերի 24-ին գործող սահմանափակումները կմեղմացվեն, սակայն դրանցից որոշները կշարունակեն ուժի մեջ մնալ:
Առանձնացրել ենք սահմանափակումներն ըստ ոլորտների. դեկտեմբերի 24-ից հունվարի 2-ը ներառյալ՝
- Ուժի մեջ է մնում հանրային տրանսպորտի գործունեության սահմանափակումը Թբիլիսիում, Ռուսթավիում, Քութաիսիում, Բաթումիում, Գորիում, Զուգդիդիում, Փոթիում ու Թելավիում: Ամանորյա տոներին տրանսպորտ չի լինի՝
- Ուժի մեջ կմնա նաև միջքաղաքային տրանսպորտի գործունեության սահմանափակումը ողջ երկրի մասշտաբով: Կշարունակի թույլատրելի մնալ անձնական մեքենաներով ու տաքսիներով տեղաշարժը։
- Շուկաները չեն բացվի: Ագրարային շուկաները կշարունակեն գործել պահպանելով բոլոր կարգավորումները։
- Դեկտեմբերի 24-ից հունվարի 2-ը ներառյալ վերոնշյալ քաղաքներում կվերսկսեն գործունեությունը առևտրի կենտրոնները՝ պահպանելով բոլոր կարգավորումները։
Կառավարության տեղեկությամբ՝ կան նաև լրացուցիչ սահմանափակումներ, որոնց հետ կապված հանդիպումներ կանցկացվեն բիզնեսի ներկայացուցիչների հետ: Այսպիսով՝
- Խանութների աշխատանքային ժամ կսահմանվի առավոտյան 07:00-ից 19:00-ը,
- Սպառողների այցն ու մուտքը, ինչպես նաև հերթը առևտրի կենտրոններում խստիվ կվերահսկվի,
- Խանութի ամեն 20 քառ/մ-ում կգտնվի 1 հաճախորդ,
- Հերթերի կառավարում կլինի ինչպես խանութների դրսի, այնպես էլ ներսի հատվածներում,
- Զեղչերը կհայտարարվեն առավոտյան ժամերին, կամ առցանց վաճառքների դեպքում,
- Չեն աշխատի հագուստի խանութների հանդերձարանները,
- Հագուստի խանութները պետք է թույլ տան հաճախորդներին վերադարձնել ձեռք բերված ապրանքը՝ մեկ ամվա ընթացքում, ու սա պետք է տեղի ունենա փետրվարի մեկից սկսած,
- Առևտրի կենտրոններում արգելվում է սննդի կետերի գործունեությունը, այդ թվում՝ «տուն տանելու» ծառայությունից օգտվելը,
- Բոլոր տարածքներում խանութների մուտքի մոտ խստիվ կպահպանվի սոցիալական հեռավորությունը, դիմակ կրելու կանոնակարգը։
Կառավարության հայտարարությամբ՝ նշվածի համար ամբողջովին պատասխանատու է առևտրի կենտրոնների ղեկավարությունը, կանոնակարգը չպահպանելու դեպքում կկիրառվեն համապատասխան միջոցներ՝ տուգանք, կենտրոնների փակում:
Այսօրվա դրությամբ՝ դահուկային հանգստավայրերից բացի ողջ երկրում շարունակում են գործել հյուրանոցները, հյուրանոցների ռեստորանները՝ միայն հյուրանոցների հաճախորդների համար: Արգելվում է հյուրանոցներում որևէ տեսակի մշակութային միջոցառումներ կազմակերպելը:
- Հյուրանոցների ռեստորանները կաշխատեն միայն մինչև ժամը 21:00-ն, իսկ 21:00-ից հետո թույլատրելի կլինի միայն հյուրանոցային համարներում ծառայության գործունեությունը,
- Ռեստորաններն ու սննդի օբյեկտները երկրի մասշտաբով շարունակում են գործել միայն Take away և առաքման ծառայություններով։
Միաժամանակ, ուժի մեջ է մնում տեղաշարժի սահմանափակումը երկրի ողջ մասշտաբով ժամը 21:00-ից մինչև 05:00-ն, ինչպես հետիոտների, այնպես էլ մեքենաների համար: Բացառություն կլինի ամանորի գիշերը՝ դեկտեմբերի 31-ի, լույս հունվարի 1-ի գիշերը, ինչպես նաև Սուրբ ծննդի՝ հունվարի 6-ի լույս հունվարի 7 -ի գիշերը:
Չնայած նշված բացառությանը՝ կառավարությունը բնակչությանը կոչ է անում տոները նշել տանը, նեղ շրջանակներում:
Նշենք, որ Վրաստանի խորհրդարանը երկարաձգել է կառավարության իրավունքը՝ առանց արտակարգ դրություն սահմանելու սահմանափակումներ մտցնել: Այս արտոնությունը կառավարությունը կունենա ևս 6 ամիս:
Հիշեցնենք՝ սահմանափակումներին չհետևելու դեպքում շարունակում են ուժի մեջ մնալ տուգանքները՝ դիմակ չկրելու համար 20 լարիի, այլ սահմանափակումներին չհետևելու համար՝ 2000 լարիի չափով:
Այս հրապարակումը ստեղծվել է ԵՄ-ի աջակցությամբ: Նյութի բովանդակության համար ամբողջովին պատասխանատու է Ալիք Մեդիան, այն կարող է չհամընկնել ԵՄ֊ի հայացքների հետ։