Վրաստանյան հետընտրական զարգացումները մտահոգիչ են. Բորել

Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելն արձագանքում է հոկտեմբերի 26-ին Վրաստանում կայացած խորհրդարանական ընտրություններին՝ «խիստ մտահոգիչ» անվանելով «ընտրություններից հետո վրաստանյան զարգացումները»։

Բորելի խոսքով, «միջազգային դիտորդները խախտումներ են նկատել ինչպես նախընտրական քարոզարշավի ընթացքում, այնպես էլ ընտրությունների օրը, նրանք ընտրություններն ազատ ու արդար չեն համարում»:

«Պահանջում ենք թափանցիկ հետաքննություն։ Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը և համապատասխան մարմինները պետք է հետաքննեն դիտորդների արձանագրած խախտումները, ընտրողների ճնշումներն ու ահաբեկումները, որոնք ազդում են գործընթացի նկատմամբ հասարակության վստահության վրա։ Այդ խախտումները պետք է արագ վերանան»,- ասված է Բորելի հայտարարության մեջ։

Նրա խոսքերով, Վրաստանը, որպես ԵՄ անդամակցության թեկնածու երկիր, «պետք է ցույց տա իր հավատարմությունը եվրոպական արժեքներին՝ սկսած ընտրական գործընթացի լիակատար թափանցիկությունից: Ազնիվ ընտրությունները և օրենքի գերակայության պաշտպանությունը ժողովրդավարության հիմնաքարն են և անբաժանելիությունը: ԵՄ անդամակցության ճանապարհի մի մասն ու հիմքը»։

Հայտարարության համաձայն՝ Բորելը խնդրել է «Քաղաքական և անվտանգության կոմիտեին հոկտեմբերի 29-ին հրատապ քննարկում հրավիրել Վրաստանում ստեղծված բարդ իրավիճակի հարցով», և այս հարցը նույնպես ներառվել է արտաքին գործերի խորհրդի նոյեմբերի նիստի օրակարգում։

Հոկտեմբերի 26-ին կայացած խորհրդարանական ընտրությունների նախնական պաշտոնական արդյունքներով` առաջին տեղում է իշխող «Վրացական երազանք»-ը՝ 53,931 տոկոսից ավելի ձայներով։ 5 տոկոսի շեմը հաղթահարել են չորս ընդդիմադիր քաղաքական միավորումներ. «Կոալիցիա փոփոխությունների համար»՝ 11,035 տոկոս, «Միասնություն-Ազգային շարժում»՝ 10,167 տոկոս, «Ուժեղ Վրաստան»՝ 8,81 տոկոս, «Վրաստանի համար»՝ 7,768 տոկոս:

Ընդդիմադիր կուսակցություններն ու Վրաստանի նախագահը չեն ճանաչել խորհրդարանական ընտրությունների արդյունքները։ Հոկտեմբերի 28-ին Ռուսթավելիի պողոտայում նրանք ցույց են արել: Ընդդիմությունը նոր ընտրություններ է պահանջել, Զուրաբիշվիլին երդվել է մինչև վերջ ժողովրդի կողքին մնալ:

Դիտորդական կազմակերպությունների տվյալներով՝ ընտրությունների օրը և նախընտրական շրջանում նկատվել են քվեաթերթիկների լցոնման դեպքեր, «կարուսել», մատնանշման, քվեարկության գաղտնիության խախտումներ և այլն:

Միջազգային հանրության, արևմտյան գործընկերների հիմնական կոչն է՝ ուսումնասիրել ընտրախախտումները։

Անցկացված ընտրությունների վերաբերյալ նախնական գնահատականներ են տվել նաև ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը։ Նրանց գնահատմամբ՝ ընտրությունների օրը եղել են խախտումներ, հաճախ խախտվել է քվեարկության գաղտնիությունը, եղել են նաև ընթացակարգային անհամատեղելիություններ։