Վրաստանում ԱՄՆ նախկին դեսպան Յան Քելին և ԱՄՆ Պետդեպարտամենտի նախկին օգնական Դեյվիդ Կրամերը The Hills լրատվամիջոցում համատեղ հոդված են հրապարակել Վրաստանի ներկայիս քաղաքական իրավիճակի վերաբերյալ։
Ամերիկացի դիվանագետները հոդվածում նշել են, որ Վրաստանում ժողովրդավարության անկում է նկատվում, և կոչ են արել ԱՄՆ-ին և ԵՄ-ին պատժամիջոցներ կիրառել Վրաստանի նախկին վարչապետ, «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր, մեծահարուստ Բիձինա Իվանիշվիլիի նկատմամբ։
«Ժամանակն է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները մեղադրանք առաջադրի Վրաստանի որոշ քաղաքացիների նկատմամբ` սկսած Իվանիշվիլիից, որոնք փորձում են խաթարել Վրաստանի ժողովրդավարական առաջընթացը», — նշված է հոդվածում:
Ամերիկացի դիվանագետների կարծիքով, չնայած Վրաստանի բնակչությունը խիստ արևմտամետ է և ցանկանում է անդամակցել Եվրամիությանն ու ՆԱՏՕ-ին, սակայն նրա կառավարությունն ավելի շատ հակված է դեպի Մոսկվա:
Հոդվածում ամերիկացի դիվանագետները խոսել են նաև Եվրախորհրդարանում ընդունված բանաձևի մասին։
«Ի պատասխան իրավիճակի վատթարացման՝ Եվրախորհրդարանն ընդունեց ոչ պարտադիր բանաձևեր՝ կոչ անելով պատժամիջոցներ կիրառել Իվանիշվիլիի նկատմամբ և դատապարտել Սաակաշվիլիի հանդեպ վատ վերաբերմունքը: Շահինը նույնիսկ առաջարկեց ԱՄՆ-ի կողմից Վրաստանին օգնություն տրամադրել երկրի դեմոկրատական հետընթացը դադարեցնելու պայմանով: Ո՛չ ԵՄ-ն, ո՛չ ԱՄՆ-ը պատժամիջոցներ չեն կիրառել ներկա իրավիճակի համար պատասխանատու վրացիների նկատմամբ: Հիմա ժամանակն է դա անելու»,- նշված է հոդվածում: