Անցյալ շաբաթ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ավանդական ընդունելությանը չեղարկվեց Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հրավերը։
Բայդենի ավանդական ընդունելությունը դիվանագիտական կարևոր իրադարձություն է, և հրավերի չեղարկումը վկայում է այն մասին, որ Վրաստանի կառավարության գործողությունները համահունչ չեն արևմտյան արժեքներին և ակնկալիքներին։
Այս փաստն ընդգծում է Վրաստանի և Արևմուտքի միջև առկա հարաբերությունների վատթարացումը, ինչը կարող է պայմանավորված լինել երկրի արտաքին քաղաքականության մեջ ռուսական ազդեցության աճով և ժողովրդավարության անկմամբ։
Վարչապետ Իրակլի Կոբախիձեն «անլուրջ» է որակել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ավանդական ընդունելությանն իր հրավերի չեղարկման որոշումը։
Ըստ Կոբախիձեի՝ դա «ակտ է հօգուտ ընդդիմության»։
«Սրա վերաբերյալ հատուկ մեկնաբանություն չեմ կարող անել, դա անլուրջ է. երեք օր առաջ հրավեր ուղարկեցին, հետո չեղարկեցին։ Դա հումանիտար ակտ էր հօգուտ ընդդիմության, թեև ընդդիմության համար գործնական ազդեցություն չի ունենա։ Այլ բան չեմ կարող ավելացնել այս թեմայի հետ կապված»,- ասել է Կոբախիձեն։
Վրաստանի արտաքին գործերի նախարար Իլիա Դարչիաշվինին խոսքով՝ հրավերի մերժումը շատ անսպասելի որոշում էր, ըստ նրա՝ Վրաստան-Ամերիկա երկարաժամկետ հարաբերություններն արժանի չեն նման գործողությունների:
Հայտնի է նաև, որ կառավարությունը մեծ թվով էմիգրանտների թույլ չի տալիս մասնակցել ընտրություններին: Սա ապացուցում է, որ կառավարությունն ամեն ինչ անում է երկրից դուրս գտնվող քաղաքացիների ակտիվությունը նվազագույնի հասցնելու համար:
Վրացի վերլուծաբան Գելա Վասաձեն «Ալիք Մեդիա Վրաստան»-ի հետ զրույցում հենց սա է համարել Կոբախիձեի հրավերը մերժելու ամենամեծ պատճառը:
«Բացի այս ու մնացած գործողություններից, որ անում է կառավարությունը, աչքի են զարնում նաև Կոբախիձեի կոպիտ և կտրուկ պատասխանները տարբեր հանդիպումների ժամանակ: Այս ամենը միասին հանգեցրին նրան, որ վարչապետի հրավերը չեղարկեցին»,- կարծում է Վասաձեն:
ԱՄՆ-ում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Դավիթ Զալկալիանին նույնպես մտահոգություն է հայտնել կատարվածի վերաբերյալ:
«Այս գործողությունները չեն համապատասխանում մեր գործընկերների հետ իրականում ունեցած հարաբերություններին: Իհարկե, թյուրըմբռնումներ լինում են նաև ռազմավարական գործընկերների միջև, սակայն ազատ և անկեղծ խոսակցությունները ամեն ինչ կարող են հարթել»,- ասել է դեսպանը:
Նա Վրաստանի կողմից պատրաստակամություն է հայտնել այս իրավիճակը հարթելու նպատակով, ինչպես նաև համոզմունք է հայտնել, որ շուտով ամեն ինչ կկարգավորվի Վրաստան — ԱՄՆ գործընկերների միջև: