Վրաստանում յուրաքանչյուր երրորդ երեխան աղքատության շեմից ցածր կեցության մակարդակում է ապրում: Այս մասին են վկայում սոցիալական ծառայության գործակալության և Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության (Geostat) տվյալները։
Ավելի կոնկրետ՝ 2024 թվականի հուլիսի վերջի դրությամբ երկրում նպաստ է ստանում մինչև 16 տարեկան 243 հազար 573 մարդ, իսկ Geostat-ի վիճակագրության համաձայն՝ Վրաստանում այս տարիքային խմբում կա 764 հազար 759 մարդ։
Բացի այդ, սոցիալական ծառայությունների գործակալության վիճակագրության համաձայն, սոցիալական նպաստ ստացող երեխաների ամենամեծ թիվը գրանցվում է Թբիլիսիում՝ 53 հազար 724:
Նպաստառու երեխաների վիաճակագրությունն ըստ շրջանների՝ հետևյալն է.
- Թբիլիսի — 53 հազար 724,
- Քվեմո Քարթլի — 38 հազար 788,
- Իմերեթի — 30 հազար 115,
- Սամեգրելո-Զեմո Սվանեթի — 26 հազար 870,
- Աջարիա — 25 հազար 643,
- Կախեթի — 23 հազար 840,
- Շիդա Քարթլի — 18 հազար 874,
- Գուրիա — 9 120,
- Սամցխե-Ջավախեթի — 7 679,
- Մցխեթա-Մթիանեթի — 6 267,
- Ռաճա-Լեչխումի և Քվեմո Սվանեթի — 2 653:
Ընդհանուր առմամբ, 2024 թվականի հուլիսի դրությամբ Վրաստանում կենսապահովման նպաստ է ստանում 677 հազար 495 մարդ, ինչը կազմում է ընդհանուր բնակչության 18,3 տոկոսը։