
Վրաստանում ԵՄ դեսպան Կարլ Հարցելը շնորհավորել է Վրաստանին անկախության օրվա կապակցությամբ: Նրա խոսքով, ԵՄ-ն հպարտ է, որ կանգնած է Վրաստանի կողքին, աջակցում է նրա ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը:
«Այսօր մենք նշում ենք Վրաստանի առաջին Հանրապետության ծնունդը, որը ավելի քան 100 տարի առաջ ճանաչել են Եվրոպայի ժողովուրդները: Թեև անկախությունը կարճ տևեց, սակայն վրաց ժողովուրդն այդ 3 տարիների ընթացքում անհավանական քայլեր արեց: Ակտիվ և նպատակասլաց քաղաքական դասը ժողովրդավարական գաղափարների և հավասարության վրա հիմնված առաջադիմական Սահմանադրություն ընդունեց՝ անցնելով ժամանակից առաջ»,- շնորհավորական ուղերձում ասել է Հարցելը:
Եվրոպացի դիվանագետի խոսքով, անցյալի ձեռքբերումները միավորման ու արդիականացման ճանապարհին Վրաստանին մեծ ուժ են տալիս՝ օգնելով զբաղեցնել Եվրոպական ընտանիքում իրեն հասանելիք տեղը։