Վրաստանում խոզի գրիպը նահանջում է

Վերջին օրերի ընթացքում գրիպով հիվանդությունների դեպքերի թիվը նվազել է, Վրաստանի առողջապահության նախարարությունն է փոխանցում:

Եթե մինչ այս 100 000 բնակչի հաշվով գրանցվել է ավելի քան 256 դեպք, ապա այսօր ցուցանիշը կազմում է 253: Նախարարության հայտարարության համաձայն, շտապ օգնության ահազանգերը ևս նվազել են ողջ երկրի մասշտաբով:

Համեմատելով գրիպի վիրուսի պիկի հետ, հունվարի 14-ի դրությամբ, շտապ օգնության կանչերի ցուցանիշը շրջաններում նվազել է 600-ով, Թբիլիսիում՝ 500-ով: Նվազման միտում է արձանագրվում նաև ամբուլատոր ուղղություններում:

«Ալիք Մեդիայի» հետ զրույցում Վրաստանի հիվանդությունների վերահսկման կենտրոնի գիտական բաժնի փոխտնօրեն Պաատա Իմնաձեն ասում է.

«Գրիպով հիվանդության ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Թբիլիսիում, այնուհետև Բաթումիում և Քութայիսիում: Գրիպը տարածված է Վրաստանի ողջ մասշտաբով, սակայն ավելի շատ դեպքեր արձանագրվում են արևմտյան հատվածում»:

Ռուսթավիում մանկական հիվանդանոցում բուժվում է 50 հիվանդ, հիմնականում գրիպի վիրուսից: Ռուսթավիի հիվանդանոցների բժիշկներն ասում են՝ գրիպի վիրուսն այստեղ նահանջում է:

Վրաստանի Առողջապահության նախարարության տեղեկատվությամբ, երկրում խոզագրիպով հիվանդ է մոտ 9000 քաղաքացի, նրանցից 42-ի վիճակը ծանր է: Նշված հիվանդերը վերակենդանացման բաժանմունքներում են:

Օրեր առաջ Վրաստանի կառավարությունը հայտարարել էր, որ բժշկի ցուցումով խոզի գրիպի վիրուսի դեմ պայքարող «Տամիֆլյու» դեղամիջոցն անվճար կտրամադրվի բոլորին: Նախարարության տեղեկատվությամբ, երկու օրվա ընթացքում 700 «Տամիֆլու» է տրվել քաղաքացիներին: