Վրաստանում վճռվում է Հարավային Կովկասի ճակատագիրը. փորձագետներ

Թբիլիսիում և Վրաստանի մի շարք քաղաքներում վերջին երկու շաբաթվա ընթացքում շարունակվող եվրոպամետ բողոքի ցույցերի միջոցով վրացիները պայքարում են ոչ միայն Վրաստանի, այլև Հարավային Կովկասի ժողովրդավարության պահպանման և Ռուսաստանի ազդեցության գոտի չվերադառնալու համար, «Ալիք Մեդիա Վրաստան»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեցին փորձագետները:

Ըստ փորձագետների՝ Մոսկվան ամեն կերպ փորձում է վերականգնել իր ազդեցությունը Վրաստանում, հետևաբար՝ նաև Վրաստանի մյուս երկու հարևանների՝ Հայաստանի և Ադրբեջանի վրա. Վրաստանում այս օրերին վճռվում է Հարավային Կովկասի ճակատագիրը:

Արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով վրացի հետազոտող Գիորգի Բիլանիշվիլին «Ալիք Մեդիա Վրաստան»-ին ասաց՝ այն ամենը, ինչ տեսնում ենք վերջին օրերին, փաստում է՝ Ռուսաստանը փորձում է Վրաստանին վերջնականապես կտրել Արևմուտքից և այստեղ լիակատար վերահսկողություն սահմանել: Ռուսաստանի համար Վրաստանում վերահսկողության սահմանումը կենսական նշանակություն ունի:

«Վրաստանն իր աշխարհաքաղաքական դիրքով այնպիսին է, որ Վրաստանի «հարցը» լուծելուց հետո Մոսկվայի համար հեշտ կլինի Հայաստանի և Ադրբեջանի «հարցերը» ևս լուծել: Դրա պատճառով այս օրերին Վրաստանում տեղի ունեցողն առնվազն կարևոր է նաև Հարավային Կովկասի և հատկապես Հայաստանի համար, քանի որ Երևանը վերջին շրջանում խորացրել է հարաբերություններն Արևմուտքի հետ», — ասաց Բիլանիշվիլին:

Վրաստանում ներքաղաքական իրավիճակի կայունացման և Ռուսաստանի պլանների ձախողման համար Բիլանիշվիլին երկու առանցքային հարց է բարձրացնում. առաջին՝ բողոքի ամենօրյա ցույցերի չընդհատում, երկրորդ՝ միջազգային հանրության հստակ դիրքորոշում. հայտարարություններից անցում գործի, պատժամիջոցներ և այլն:

Միջազգային հարաբերությունների մասնագետ, անվտանգության գիտաշխատող Գիորգի Գոբրոնիձեն ևս համոզված է՝ Վրաստանի աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխությունն ազդելու է Հարավային Կովկասի և հատկապես Հայաստանի վրա: Ըստ փորձագետի՝ չնայած այն հանգամանքին, որ Երևանը փորձում է կարգավորել հարաբերությունները Բաքվի հետ, Վրաստանում իրավիճակի սրվելու և վերահսկողությունից դուրս գալու դեպքում, կարող է հայտնվել լուրջ վտանգի առաջ և ավելի մեկուսանալ:

«Հայաստանն այսօր, բացի Իրանից, բաց սահման ունի միայն Վրաստանի հետ. Ադրբեջանի և Թուրքիայի հետ առ այսօր սահմանը փակ է: Հետևաբար՝ Վրաստանում տեղի ունեցող քաոսը, իրարանցումը, քաղաքացիական բախումներն անմիջապես հարվածում են ոչ միայն Հայաստանի տնտեսական, այլև քաղաքական հայացքներին: Ավելին, մենք տեսնում ենք, որ Հայաստանը ցանկանում է Արևմուտքի հետ խորացնել հարաբերությունները, չնայած ներքաղաքական հարցերին», — «Ալիք Մեդիա Վրաստան»-ին ասաց Գոբրոնիձեն:

Ըստ միջազգային հարաբերությունների մասնագետի՝ Վրաստանում կայունությունը որոշիչ դեր ունի Հայաստանի ազգային անվտանգության, ավելին՝ նաև Ադրբեջանի համար: Գոբրոնիձեի դիտարկմամբ, Հարավային Կովկասի երեք երկրները՝ Վրաստանը, Հայաստանը և Ադրբեջանը, պետք է որպես «մեկ օրգանիզմ» հանդես գան.

«Կա՛մ մեկ ընդհանուր համագործակցության հարթակ պետք է ստեղծեն, և երեք երկրներն էլ ռազմավարական գործընկերներ պետք է լինեն միմյանց համար, կա՛մ մշտապես կբախվեն աշխարհաքաղաքական նույն խնդիրներին»:

Հիշեցնենք. նոյեմբերի 28-ին, երբ իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը հայտարարեց, որ հրաժարվում է միչև 2028 թվականի ավարտն օրակարգ բերել եվրանդամակցության բանակցությունների մեկարկի հարցը, Թբիլիսում և Վրաստանի մի շարք քաղաքներում եվրոպամետ և հակակառավարական ցույցեր սկսվեցին: Ցուցարարները 14 գիշեր շարունակ պահանջում են կառավարության հրաժարականն ու նոր ընտրությունների անցկացում: Մինչդեռ «Վրացական երազանք»-ը ցուցարարներին պատասխանում է բիրտ ուժի կիրառմամբ և հայտարարում՝ օրակարգում հրաժարականի հարց չկա, «նացմայդանի» սցենարը տապալված է: